Սիրելի՛ ուսանողներ եւ համալսարանի կազմում գործող Հանրակրթական ծրագրերի ուսումնական վարժարանի աշակերտներ, հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Այս օրը նշանավորվում է կրթվելու, զարգանալու, կատարելագործվելու եւ առաջադիմելու հերթական փուլին սկիզբ դնելով եւ դառնում գիտելիքի դերն ու գերհզոր ազդեցությունը արժեւորելու առիթ։
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել 2025 – 2026 ուսումնական տարում Ագրարային համալսարան ընդունվածներին եւ տեղեկացնել, որ հնարավորություն եք ստացել ուսանելու 95 ամյա փառավոր ուղի անցած կրթօջախում, որտեղ կրթության կազմակերպման շուրջ մեկդարյա լավագույն փորձն ու ավանդույթները համադրված են աշխատաշուկայի ներկայի պահանջներից բխող մասնագետներ պատրաստելու նորագույն մոտեցումների հետ։
Այո, 2025 թվականին լրանում է ՀԱԱՀ-ի հիմնադրման 95-ամյակը, իսկ նման բուհի թե՛ ուսանող, թե՛ դասախոս լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ մեծ պատասխանատվություն։
Պետք է հատուկ շեշտադրեմ, որ Ագրարային համալսարանում խրախուսվում է լավ սովորելը՝ վստահ լինելով, որ ուսման բարձր առաջադիմությունը լուրջ նախադրյալ է հանդիսանում մրցունակ մասնագետ դառնալու, հետեւաբար՝ բարեկեցիկ ապրելու համար։
Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում մեր բուհում տասնյակ հազարավոր մասնագետներ են պատրաստվել, ովքեր մեծապես նպաստել են մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Ցանկանում եմ, որ դուք համալրեք ագրոպարենային ոլորտի հզոր մասնագետների շարքերը եւ դառնաք մեր պետության պարենային անվտանգության ապահովման ծանրակշիռ դերակատարներ։
Թող նոր ուսումնական տարում հետաքրքրասիրությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը լինեն ձեր մշտական ուղեկիցը, իսկ ձեր գիտելիքներն ու հմտությունները վերածվեն կարողություների՝ ի նպաստ ձեր ընտանիքների եւ մեր երկրի բարօրության։
Մաղթում եմ բոլորիդ արգասաբեր ուսումնական տարի։
Շնորհավոր Գիտելիքի եւ դպրության տոնը։