Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ Դիջիթեք 2023-ին, որը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսին ՀԱԱՀ-ն ներկայանում է հուսալի գործընկեր «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համատեղ (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագրի իրականացման մյուս գործընկերներն են՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանը)։
ՀԱԱՀ-ի տաղավարը ներկայացնում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ֊-ում առաջարկվող վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերը եւ ներդրված դուալ կրթական ծրագրերը։ Բազմաթիվ այցելուների առանձնակի հետաքրքրությունն է առաջացնում ՀԱԱՀ գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիայի ագրոդրոնների «ներկայացուցիչը»։
Դիջիթեք 2023-ի շրջանակում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնության ամենամյա խորհրդաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ նախաձեռնության խորհրդի գործող նախագահ, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա ողջունեց ներկաներին եւ նախաձեռնության եւ համալսարանի անունից շնորհակալություն հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը՝ ինչպես խորհրդաժողովի համար հարթակ տրամադելու, այնպես էլ ՀՏԱ-ի քարտուղարությունն իրականացնելու համար։ Հակիրճ անդրադարձավ մեկ տարվա պատմություն ունեցող նախաձեռնությանը՝ որպես թե´ բուհերի եւ թե´ բուհերի ու մասնավոր հատվածի միջեւ արդյունավետ համագործակցության մեծ ներուժ ունեցող հարթակի։ Տարին, անշուշտ, լի էր մեր երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներով, որ այսօր էլ շարունակվում են․ ռեկտոր Ուռուտյանն այս հարթակը դիտարկում է որպես ջանքերի միավորման, խնդիրների հասցեագրման եւ լուծումներ գտնելու հնարավորություն։ «Գիտության, կրթության, տեխնոլոգիաների զարգացման հրամայականի համատեքստում, երբ խոսում ենք ՏՏ ոլորտի եւ առհասարակ տնտեսության զարգացման մասին, առանց որակյալ մարդկային կապիտալի եւ գիտության ու տեխնոլոգիաների մեջ ներդրումների, հնարավոր չէ զարգացում, առավելեւս, մեր պարագայում՝ բեկումնային զարգացում ապահովել»։
Պարոն Ուռուտյանը նշեց, որ ՀՏԱ նախաձեռնության համար անցած մեկ տարին եղել է բուհերի գիտատեխնոլոգիական ներուժի գնահատման, համագործակցության եզրերի ճշգրտման, կրկնողություններից խուսափելու տեսակետից ընթացիկ ծրագրերի գնահատման, միմյանց լաբորատոր-հետազոտական հնարավորությունների համատեղ օգտագործման հեռանկարի գնահատման ժամանակաշրջան։ «Այսօր մեր՝ հինգ բուհերիս համար կարեւոր է հասկանալ նաեւ մասնավոր հատվածի՝ որպես մեր շահակիցների, ակնկալիքները այս հարթակից, ինչ մասնագետներ են անհրաժեշտ, հետազոտական եւ զարգացման ինչ ծրագրեր կարելի է իրականացնել ոլորտի հետ համատեղ»,-ասաց ռեկտոր Ուռուտյանը։
Վերոնշյալ խնդիրների շուրջ ծավալվեց շահագրգիռ եւ սպասված քննարկում, որին, բացի ՀԱԱՀ ռեկտորից, մասնակցեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախագահ Սալվա Նակուզին, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը եւ Հայ-ռուսական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարգեւ Ավետիսյանը։ Քննարկումը վարում էր տեխն․ գիտ․ թեկնածու, ձեռներեց Արամ Ջիվանյանը։
Դիջիթեքը, որ շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 18-ը, կազմակերպչական առումով ակնհայտորեն նոր նշաձող է սահմանել, որ միանգամայն համահունչ է մերօրյա եւ վաղվա մարտահրավերներին։ Դիջիթեքի առաջին օրը ցույց տվեց, որ, մասնավորապես Ագրարային համալսարանը եւ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնությունը պատրաստ են կրելու պատասխանատվության իրենց բաժինը։
- 13/10/2023
- 2023