ՀԱԱՀ հերթական պատվիրակության այցը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարան

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող  Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 13-19-ը: Մեր պատվիրակության կազմում էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի  փոխդեկան Մանյա Կարապետյանը, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական  ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը, բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները:

Այցի շրջանակում ուսանողները մասնակցեցին սեմինարի, որի ընթացքում պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց ծրագրի գործունեությունը: Սեմինարից հետո կազմակերպվեց շրջագայություն ՎԹԿԳ համալսարանի տարածքում:  Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեղվաբուծական, տավարաբուծական, խոզաբուծական եւ թռչնաբուծական ուսումնական տնտեսություններին` տեղում տեսնելով, թե ինչպես է կազմակերպվում ուսումնափորձարարական գործընթացը:

Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու նաեւ կենսագազի արտադրության փուլերը՝ ավելի լավ պատկերացում կազմելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների եւ դրանց կարեւորության մասին:

Ուսանողները այցելեցին նաեւ պատմամշակութային քաղաքներ (Անսբախ, Ռոթենբուրգ, Նյուրնբերգ, Մյունխեն, Վյուրցբուրգ) եւ ծանոթացան Գերմանիայի պատմությանն ու մշակույթին:

Ագրարայինի պատվիրակները, հատկապես ուսանողները, գործընկեր համալսարանից եւ  բարեկամ երկրից վերադարձել են շատ դրական հույզերով, ինչպես նաեւ բարձր շահադրդվածությամբ: