Ռեկտորատի հերթական նիստը կայացավ փետրվարի 20-ին՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի մեկնարկին ռեկտորը տեղեկացրեց, որ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի տեղակալ է նշանակվել Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Նաիրա Ավդալյանը եւ շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Ռեկտորատի այս նիստին հենց տիկին Ավդալյանն էլ ներկայացնում էր քոլեջը եւ ի թիվս այլ ստորաբաժանումների ղեկավարների, հանդես եկավ 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփ տվյալների վերաբերյալ զեկուցմամբ։
Ընդհանուր առմամբ, ուրվագծվեց մի պատկեր, որը ներհատուկ է վերջին տարիների միտումներին․ որակի եւ կարգապահության հարցում առաջընթացը դառնում է բնականոն եւ շարուկակական, սակայն համալսարանի սահմանած նշաձողին հասնելու առումով անելիքներ ունենք բոլորս։ Մասնավորապես, տեղին էր 2026 թվականը կրթության որակի բարձրացման տարի հայտարարելու մասին ռեկտոր Զաքոյանի հիշեցումը։ «Որակի բարձրացման պետք է հասնենք հետեւողականորեն, չափելի ցուցանիշներով եւ կոնկրետ գործողություններով», – ասաց նա։ Պարոն Զաքոյանը շեշտեց 70 հազար դրամի չափով կրթաթոշակ ստանալու եւ ՄՈԳ-ով պայմանավորված՝ դրա շարունակականության կամ դադարեցման մասին ուսանողներին հստակ կերպով իրազեկելու անհրաժեշտությունը։ Ուսանողների գնահատման հարցում էլ ռեկտորն ընդգծեց, որ դասախոսները պետք օգնեն ուսանողներին լավ ընկալել գնահատման չափանիշները, ընդ որում «հարյուր ստանալը պետք է սենսացիա լինի, ոչ թե առօրյա գործելակերպ, իսկ ստացողը՝ համարվի ռեկորդակիր»։
2025-2026 ուստարվա առաջին կիսամյակում համալսարանի էլեկտրոնային կառավարման e-buh համակարգում ծագած խնդիրների, առաջիկա անելիքները եւ զարգացման հեռանկարների մասին օրակարգային հարցի վերաբերյալ զեկուցեց ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ ՏՏ կենտրոնը առաջին կիսամյակում լայնածավալ աշխատանքներ է իրականացրել համակարգի անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ։ Այսօր համակարգից օգտվում է ավելի քան 2400 ուսումնառող եւ ավելի քան 600 աշխատակից։ Այն բովանդակում է 12 մոդուլ եւ ավելի քան 170 ենթամոդուլներ։ Կենտրոնում իրականացված աշխատանքները գոհացուցիչ արդյունքների են հանգեցրել բազմաթիվ ուղղություններով՝ ուսանողների հաշվառման ավտոմատացված տվյալներ, ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկագրեր, ուսանողների շրջափոխման ավտոմատացված գործընթաց եւ այլն։ Ավարտվել է ուսանողի միջերեսի (ինտերֆեյս) մշակումը․ յուրաքանչյուր ուսանող կունենա մեկ տերաբայթ տարածություն։ Կատարելագործվել են դերերի եւ իրավասությունների կառավարումը, հիշեցում/ծանուցումները, հաշվետվությունները։ Պարոն Մելքոնյանը խոսեց նաեւ համակարգում ծագած խնդիրների մասին, որոնք հիմնականում առնչվում են ուսպլաններում եղած անհամապատասխանություններին, ուսանողական համակազմի տվյալների ճշգրտմանը եւ դասացուցակների մուտքագրման ուշացումներին։ Պլանավորված առաջիկա կարեւոր անելիքների թվում է e-buh համակարգի ներդրումը համալսարանի մասնաճյուղերում, իսկ առաջիկա զարգացումների շարքում մասնավորապես ՏՏ կենտրոնի տնօրենը նշեց արհեստական բանականության գործիքների համարկման (ինտեգրման) անհրաժեշտությունը։
Հաստատութենական հավատարմագրման շրջանակում հավատարմագրման հանձնաժողովի ներկայացրած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին հերթական զեկուցմամբ հանդես եկավ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը՝ ռեկտորատին ներկայացնելով երկու բակալավրական եւ մեկ մագիստրոսական կրթական ծրագրերի հավատարմագրման ուղղությամբ կատարվող ընթացիկ աշխատանքները։















