Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, փափուկ հմտությունների զարգացման սրահում ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հանդիպման էր հրավիրվել մեր բուհի նախկին սաներից` Rooqet կազմակերպության հիմնադիր, վաճառքի մասնագետ Էրիկ Խաչատրյանը: Մեր հյուրը ՏՏ ընկերություններին օժանդակում է վաճառքի հարցում, նաեւ մաքրող միջոցների արտադրություն ունի: Տեսանելի ապագայում նա մտորում է վաճառքի արհեստավարժների միություն ՀԿ հիմնելու մասին:
Բանախոսը հենց սկզբից նկատեց, որ մեր բուհը կարեւոր ձեռքբերումներ ունի եւ բարձր է գնահատում բոլոր նվաճումները: Համալսարանական կրթության համար կարեւոր են նյութատեխնիկական բազան, ենթակառուցվածքները, եւ Ագրարային շոշափելի քայլեր է արել այդ ուղղությամբ: Նա հիշեց իր սիրելի ուսուցիչներին՝ Հասմիկ Ջաներյանին եւ Տիգրան Չիթչյանին, որոնց դասախոսությունները անջնջելի հետք են թողել:
Մարդու աշխատանքային գործունեությունը մեկնարկում է հարցազրույցից եւ կարեւոր է, որ սկսնակները պատրաստ լինեն եւ հիշեն, որ ամեն ինչ սկսվում է հարցերից, որ «պետք է ինքներդ տաք գործատուին»: Լսարանի հետ շփումն էլ Խաչատրյանը հարցերով սկսեց՝ ո՞վ է ուզում աշխատել, ովքե՞ր են ուզում բիզնես հիմնել: Ժամանակը ամենաթանկն է եւ պետք է ճիշտ օգտագործել՝ սովորել անգլերեն, անդադար զբաղվել ինքնակրթությամբ, տիրապետել փափուկ հմտությունների, ցանցաստեղծման ուղղությամբ հետեւողական քայլեր կատարել: Եւ երբեք չվախենալ ու չընկրկել ձախողումներից: Չէ որ ձախողվել, նշանակում է ինչ-որ բան նախաձեռնել, որը հաջորդ անգամ կհաջողվի:
-Սկսեք հենց հիմա: Երբեք վաղ չէ սկսելու համար,- հայտնի ասացվացքը քիչ փոփոխելով ասում է Խաչատրյանն ու ակնհայտ է, որ երիտասարդները ոգեւորվում են, շոշափելի լավ օրինակից հուսավառվում ու հարցերն էլ գործնական են, ըստ էության, դասեր քաղելու անթաքույց միտումով: Բնական է, որ հանդիպումը նախատեսվածից շատ ավելի տեւեց, այլ կերպ չէր կարող լինել:
- 07/12/2023
- 2023