Եռակողմ հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի, Սյունիքի մարզպետարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ

Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է Սիսիան եւ Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար:
Ինչպես տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը, հիմնադրամի եւ Ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը մի կողմից հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, մյուս կողմից՝ համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա:
Այս ծրագրի շրջանակում նշված համայնքների շահառու բնակավայրերի դպրոցականները կուսումնասիրեն «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը․ ՀԱԱՀ ռեկտորի այս նախաձեռնությունը, ինչպես տեսնում ենք, արժանացել է հիմնադրամի եւ մարզային իշխանությունների ուշադրությանն ու աջակցությանը։
Հուշագրի ստորագրումից հետո «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ ռեկտոր Ուռուտյանն այցելեցին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ։ Տնօրենի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին մասնաճյուղի տարածքում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ստեղծված եւ շինաշխատանքների ավարտական փուլում գտնվող ուսումնաարտադրական ու հետազոտական մի շարք նորարարական ենթակառույցներ։ Պարոն Հայրապետյանը մասնավորապես եղավ արդեն գործարկված համակարգչային լսարաններում, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայում, գիտելիքի նորարարական հաբում, հողի անալիզի լաբորատորիայում, ինչպես նաեւ խելացի գյուղատնտեսության գիտաուսումնափորձարարական կենտրոնում՝ իր գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնով, որի մեքենատրակտորային զինանոցը համալրման փուլում է:
Մինչեւ այս տարվա ավարտը Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը՝ կաթի եւ գոմաղբի վերամշակման հնարավորություններով: Հիմնման փուլում է ինտեինսիվ այգին։ Շուտով կմեկնարկի ջերմատան շինարարությունը։ Մասնաճյուղը կունենա նաեւ կանաչ կերի եւ հատիկի արտադրամաս, կտեղադրվեն արեւի եւ քամու էլեկտրակայաններ:
Այսպիսով, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը շուտով կունենա լավագույն հնարավորությունները Սիսիան քաղաքի եւ տարածաշրջանի շահառու գյուղական համայքների համար պատրաստելու բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների։