Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան ոչ երկար պատմության ընթացքում հասցրել է հյուրընկալել տարբեր զբաղմունքների եւ տարիքի շահառուների բազմաթիվ խմբերի՝ տարբեր ժամկետներով: Վերջին երկօրյա դասընթացին մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ուսանողները: Դասընթացն անցկացվեց ֆակուլտետի ուսխորհրդի հետ գործակցության շրջանակում:
Երկօրյա դասընթացի ժամանակ լաբորատորիայի համադրող, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանը ԵՊՀ ուսանողներին հաճույքով հաղորդակից դարձրեց «Ալրային հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա» թեմայով դասընթացի տեսական ու գործնական մասերին: Հացատեսակների դասակարգումը, հումքի տեսակները, արտադրական բաղադրագրերը եւ տեխնոլոգիական գործընթացների հաջորդականությունը տեսականորեն յուրացնելուց հետո ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել այդ գիտելիքները, կատարել մի քանի լաբորատոր փորձարկումներ եւ մասնակցել հացի եւ ալրային այլ մթերքների թխման գործընթացին:
Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայի առօրյան շարունակում է ծանրաբեռնված մնալ եւ գործնական արդյունքներ գրանցել շահակիցների նորանոր խմբերի համար: Այս ուղղությամբ գնահատելի են թե տիկին Հովհաննիսյանի, թե Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի եւ թե մեր գործակից կազմակերպությունների մասնագիտական, կազմակերպչական եւ հովանավորչական ջանքերը: