Փետրվարը դուալի ամիս է հայտարարված եւ այս ընթացքում մեկը-մեկից ավելի հետաքրքիր եւ արդյունավետ քննարկումների մասնակից եղանք: Ամսի 25-ին հրավիրված հանդիպումը բացառություն չէր: Մասնակցում էին դուալի ներդրման գլխավոր աջակից-ջատագով՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի, Անասնաբույժների ազգային ընկերակցության, նաեւ կլինիկայի, պահածոյացման, գինեգործական, թռչնաբուծական ընկերությունների, չափագրման եւ գեոդեզիայի ԱՁ-ի ներկայացուցիչներ:
Հյուրերին ողջունելով` Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ փոխտնօրեն Լիլիթ Սարոյանը շնորհակալություն հայտնեցին, որ ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում կարողացել են գալ-մասնակցել քննարկմանը, եւ առավել մեծ շնորհակալություն, որ բարյացակամորեն-պատրաստակամորեն իրենց դռները բացում են ուսանողների առջեւ:
Շուտով մեկնարկում է ՄԱՎԵՏԱ-ի երկրորդ փուլը, որի ընթացքում կընդլայնվեն ե՜ւ ուսումնական հաստատությունների ցանկը, ե՜ւ կրթական ծրագրերը: Ուստի շատ կարեւոր է, որ տեղյակ լինեն արդեն ներդրված ծրագրերի հաջողությունների, ինչպես նաեւ թերությունների, լուծման կարոտ խնդիրների մասին: Այս կարգի հանդիպումները նպաստում են, որ պատկերը համակողմանի, խոր եւ ամբողջական լինի:
Արտադրության ներկայացուցիչները շեշտում էին. շատ կարեւոր էր, որ դուալ համակարգը ներդրվեց միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններում: Սա ուղիղ ու անսխալ ճանապարհ է` աշխատաշուկան հմուտ եւ բանիմաց, լավագույն հինն ու նորը ի մի բերող մասնագետներով համալրելու տեսակետից:
Գործատուները բոլորը համակարծիք էին՝ քոլեջից ներկայանում են բանիմաց, դաստիարակված, մասնագիտության կիրառական կողմը խորապես ճանաչելուն հակված, հետաքրքրվող երիտասարդներ: Մեր հյուրերի համոզմամբ նման արդյունքի հասել ենք քոլեջի տնօրինության 24/7 հետեւողական աշխատանքով, նաեւ՝ փորձուսուցման շրջանում ուսանողներին անդադար ուշադրության կենտրոնում պահելու շնորհիվ (Լիլիթ Սարոյանն ու Անի Սեդրակյանը ամեն պահի կարող են հայտնվել փորձուսուցման վայրերում եւ սա կարգապահ է դարձնում ուսանողներին): Բացի այդ, գնահատականի ձեւավորման հարցում կարեւոր է գործատուի մասնաբաժինը, նրա անաչառ-սկզբունքային մոտեցումը:
Այս կարգի հանդիպումներն օգնում են, որ վեր հանվեն ձեռքբերումներն ու բացթողումները, լուծման կարոտ հարցերը ուղենշավորվեն: Բուհ-արտադրություն ներդաշնակ կապի շնորհիվ անդադար լավարկվում են ուսումնապան պլաններն ու առարկայական ծրագրերը, փորձուսուցման ժամանակացույցը հստակեցվում է յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններին համապատասխան: Մենք դառնում ենք ճկուն եւ արագ արձագանքող եւ սա ուսումնական գործընթացի հաջողության գրավականն է, թերեւս՝ նախապայմանը:















