Դիտարկումներ արտերկրում ուսանելու անգնահատելի փորձի մասին

Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։  Ուզում եմ ՀԱԱՀ կայքի ընթերցողներին եւ հատկապես ուսանողներին հաղորդակից դարձնել իմ տպավորություններին եւ փորձին, որ ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Որոշակի դժվարություններից եւ համավարակի բերումով մի քանի օր կարանտինում «սպասելուց» հետո գնացի համալսարանի միջազգային գրասենյակ, որի ղեկավարը մեծ սիրով ընդունեց ինձ։ Հետո հանդիպեցի ու ընկերացա տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ։ Գայզենհայմում իմ ամենասիրած առարկան Գինու փորձաքննությունն էր, ընդ որում պատճառը միայն ամեն դասին 10-15 շիշ եվրոպական տարբեր եևկրների գինիների փորձաքննությունը չէր, այլ նախեւառաջ ստացած կարեւոր մասնագիտական գիտելիքներն ու փորձը։ Ի դեպ, Ագրարային համալսարանի իմ ընկերներին կուզենայի ասել, որ անգլերենից բացի շահեկան է հիմնական մասնագիտական եզրույթներն իմանալ նաեւ իսպաներենով, ֆրանսերենով, գերմաներենով եւ իտալերենով․ դրանք օգնում են ավելի հեշտ ընկալել գինու մի շարք բնութագրիչներ։ Գինիները գնահատելու համար հարկ է նաեւ իմանալ տվյալ երկրի կլիման, վարչատարածքային միավորների անվանումները եւ այլն։

Գայզենհայմի համալսարանում, որ մեր համալսարանի լավագույն եվրոպական գործընկերներից է, դասախոսները շատ հարգալից եւ ընկերասեր են ուսանողների հանդեպ, ամեն կերպ օգնում են նրանց մասնագիտական զարգացման հարցում։ Բարձր եմ գնահատում նաեւ համալսարանի Ուսանողական խորհրդի աշխատանքը, որը մեծապես օգնել է ինձ Գերմանիայում գտնվելու առաջին իսկ օրվանից։ Մասնագիտական գիտելիքներ յուրացնելու գործընթացը ես հաջողությամբ համատեղել եմ անձնական զարգացման հետ։

Մեծ ուրախությամբ եմ սպասում հաջորդ կիսամյակում նոր առարկաներ ուսումնասիրելու հնարավորությանը։ Մի բանում վստահ եմ՝ անելու եմ առավելագույնը թե՛ խաղողագործության եւ թե՛ գինեգործության ոլորտներում գործնական փորձ ձեռք բերելու համար, որոնք ինձ վստահաբար կօգնեն Հայաստանում որպես մասնագետ կայանալու գործում։

Արտերկրում ուսանելը անգնահատելի փորձ է ապագա մասնագետի համար, եւ այս հնարավորություն համար շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն Գայզենհայմի համալսարանին, այլեւ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանատին, Միջազգային կապերի դեպարտամենտին եւ այն անձանց, որոնք քիչ թե շատ իրենց ներդրումն են ունեցել իմ այս նպատակի իրականացման մեջ։

Վաչե Գրիգորյան

Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրի ուսանող