Երեկ՝ հոկտեմբերի 31-ին 2-րդ մասնաշենքի «Կանաչ» ընթերցսրահում տեղի ունեցավ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ռոզա Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսը։ Երկհատորյակը («Ընդհանուր քիմիայի հիմունքները» եւ «Անօրգանական եւ օրգանական քիմիա») նախատեսված է բուհ ընդունվողների համար եւ բովանդակում է վարժություններ ու խնդիրներ ինքնուրույն լուծման համար։
Ձեռնարկը հագեցած է բազմաթիվ նկարներով, գծապատկերներով եւ աղյուսակներով։ Տրված են տարբեր աստիճանի բարդության խնդիրների լուծման օրինակներ։ Ձեռնարկի լեզվի պարզությունն ու մատչելիությունը հնարավորություն են տալիս ինքնուրույն յուրացնել նյութը։ Հեղինակի երկարամյա աշխատանքային փորձի արգասիք ձեռնարկը մայրենի լեզվով համանման եզակի աշխատանքներից է։
Կատարված աշխատանքը բարձր գնահատեց եւ շնորհանդեսը հաճույքով վարեց Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ․ գիտ․ դոկտ․, դոցենտ Լուսինե Հարությունյանը։
Տիկին Քարիմյանն իր խոսքում անդրադարձավ ձեռնարկի նախապատմությանը, անհրաժեշտությանը եւ շնորհակալություն հայտնեց դրա ստեղծման տարբեր փուլերում որոշակի ներդրում ունեցած բոլոր գործընկերներին՝ Ագրարայինում եւ մեր գործընկեր համալսարաններում։
Նոր ձեռնարկի վերաբերյալ ասելիք ունեին ներկաներից շատերը, եւ բոլորն ել դրվատանքի, բարձր գնահատականի եւ երախտագիտության արժանացրին հեղինակի աշխատանքը։ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծփնեցյանը բարձր գնահատեց ձեռնարկի դերն առհասարակ եւ դրա միջոցով առանց կրկնուսույցի օգնության դասընթացը յուրացնելու հնարավորությունը՝ մասնավորապես։ Աշոտ Խաչատրյանը ձեռնարկի լույս տեսնելը նշանակալից իրադարձություն համարեց եւ նշեց մեծ սիրով արված աշխատանքի բովանդակային առավելությունը եւ պրոֆեսիոնալիզմը։
Ձեռնարկի գլխավոր խմբագիր, նախկինում Ֆարմացիայի ինստիտուտի Սամվել Վարդապետյանը նշեց, որ գիրքը պատիվ կբերեր որեւէ հեղինակի, առանձնացրեց գրքի մատչելիությունը դիմորդների համար եւ ասաց, որ իր բնույթով, գրագետ հայերենով աննախադեպ աշխատանք է արված։ ԵՊՀ պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը ձեռնարկը գնահատեց որպես որակյալ, մատչելի, պարզից դեպի բարդը սահուն ծավալվող աշխատանք եւ շեշտեց նման գրքերի հետագա անհրաժեշտությունը։ ՀԱԱՀ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր․ քիմ․ գիտ․ դոկտ․ Օլեգ Քամալյան տիկին Քարիմյանին դասեց խավարն անիծելու փոխարեն մոմ վառողների պատվավոր շարքին, դոցենտ Սերյոժա Երիցյանը իր հիացմունքն արտահայտեց գրքի, մասնավորապես դրա կառուցվածքի առումով, իսկ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը բարձր գնահատեց տիկին Քարիմյանին նաեւ որպես դասախոսի եւ մանկավարժի։