Սկսենք թերեւս լսարանից՝ 2-322/4, հիմնանորոգված, լուսավոր, տաք, տեխնիկական միջոցներով հագեցած: Մի խոսքով, նստիր եւ «Ինֆորմատիկա եւ վիճակագրություն» բաղադրյալ առարկան հիմնովին սովորիր, որովհետեւ տնտեսության որ ոլորտում էլ լինես, առանց այդ գործիքակազմերի հաջողության չես հասնի: Ուրեմն, բնական է, որ անասնաբուժություն մասնագիտության երկրորդ կուրսում ուսումնասիրում են: Կիսամյակի սկզբում ավարտել են ինֆորմատիկան, հիմա վիճակագրությունը դասավանդում է տվյալագիտության ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Գեւորգ Քեշիշյանը՝ երիտասարդ, բանիմաց, եւ՛ գործընկերներից, եւ՛ ուսանողներից սիրված մասնագետը:
Դասախոսը ողջ նյութը ներկայացրեց ցուցադրական սահիկների միջոցով, հանձնարարություն տվեց, որ պետք է կատարեին ուսանողները: Դրա շնորհիվ ամրակայվում էր ասվածը: Ընդհանրապես, դասախոսության ընթացքում Քեշիշյանը ուղիղ աշխատում էր ուսանողների հետ, փորձում էր ներգրավել, ներկայացնում էր խնդիրն ու դիմում լսարանին. «Եկեք միասին մտածենք՝ ինչո՞ւ»:
Ուսանողների «միասին մտածելուն» միիի քիչ խանգարում էր հիմնարար գիտելիքների պակասը՝ մաթեմատիկայից: Սակայն, ոչինչ, մեր դասախոսների համառ ջանքերը չեն կարող հաջողությամբ չպսակվել: Համոզված ենք:
Դասն ավարտվեց ու դասալսման մասնակիցները եւս հրաշալի մտապահեցին եւ այլեւս գիտեն, որ վիճակագրական բաշխումները լինում են նորմալ եւ փաստացի:
Հրաժեշտից առաջ դասախոսն ու ամբիոնի վարիչը՝ Հակոբ Խաչատրյանը ուսանողներին հիշեցնում են.
– Արագացրեք, ամփոփեք ինքնուրույն աշխատանքները: Դրանց պաշտպանությունը պետք է ավարտեք քննությունից մեկ շաբաթ առաջ: