Գորիսի 2 ավագ դպրոցների «Ագրոտեխնոլոգիա» դասընթացի մասնակիցները գործնական գիտելիքներ են ստանում Սիսիանում

Հորիզոններ կրթական ծրագրի շրջանակում Գորիսի եւ Սիսանի ինը դպրոցում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին աշակերտները օր-օրի ավելի մեծ հետաքրքրությամբ են մասնակցում:

Աշակերտների համար տարբերվող են հատկապես գործնական պարապմունքները, որոնք անցկացվում են Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանի ագրոբիզնեսի տարբեր ձեռնարկություններում, ֆերմերային տնտեսություններում։

Գորիսի թիվ 1 եւ 4 ավագ դպրոցների՝ «Ագրոտեխնոլոգիա» խմբակի մասնակից աշակերտների համար օրերս հիշարժան շրջայց կազմակերպվեց Սիսիանի սերմարտադրողների միություն ՍՊԸ-ում՝ «Մշակաբույսերի միջշարային մշակություն» թեմայի ամփոփման նպատակով։ Ընկերության տնօրեն Գագիկ Խաչատրյանը ծանոթացրեց միջշարային մշակության նշանակությանն ու կատարման տեխնոլոգիաներին, մեքենաների տեսակներին, կառուցվածքային առանձնահատկություններին, որից հետո շրջայց կազմակերպվեց տնտեսությունում:

Աշակերտերին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փոխտնօրեն Մերի Յոլյանը ներկայացրեց որոշ մշակաբույսերի մշակաձեւային (սորտային) առանձնահատկությունները, իսկ պարոն Խաչատրյանը ցուցադրեց հացահատիկային մշակաբույսերի իր ստեղծած 16 մշակաձեւերի ցուցանմուշները, դրանց ստեղծման եւ անվանակոչման պատմությունը:

Շրջայցի ընթացքում աշակերտները եղան պահեստներում, ծանոթացան տարածաշրջանում կիրառվող մշակաբույսերի սերմերին, կիրառվող որոշ մեքենաների:

Վերջում աշակերտները ներկայացրեցին թեմայի շրջանակում իրենց իրականացրած նախագծային աշխատանքները եւ սերմերի ծլեցման փորձի արդյունքները: