Գյուղատնտեսության ապագան տեխնոլոգիական է․ ուսումնայցելություն Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարան

Հայկական ագրոտեխնոլոգիական համայնքի մի խումբ ներկայացուցիչների թվում ՀԱԱՀ մի քանի դասախոսներ հնարավորություն ունեցան մասնակցելու բացառիկ ուսումնայցելության Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան՝ Եւրամիության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU- GAIA) նախագծի եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Այցի կազմակերպման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ԱգրոԹվին նախագծի ղեկավար Վարդան Ուռուտյանը, EU- GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը եւ EU- GAIA-ի փորձագետ Վադիմ Ուզունյանը։

«Այս այցելությունը հայաստանյան մասնագետներին հնարավորություն տվեց ստանալ արժեքավոր գիտելիքներ, փորձ փոխանակել եւ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում՝ ոչ միայն ամրապնդելով մեր կապերը ՀԱԱՀ երկարամյա գործընկեր համալսարանի հետ, այլեւ կապեր հաստատելով գերմանական մի շարք այլ գիտական հաստատությունների հետ։ Վստահ եմ, որ այն որոշակի ներդրում կունենա առհասարակ Հայաստանի գյուղատնտեսության տեխնոլոգիական ապագայում», – ասաց ՀԱԱՀ ճշգրիտ գյուղատնտեսության դասախոս, «Ագրոտեքնիք ինթերնեյշնլ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գեւիկ Դավուդին։

Հայկական պատվիրակության կազմում էին նաեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, ԱգրոԹվին նախագծի փորձագետ Ռուդիկ Նազարյանը։

Վերապատրաստման եւ փորձի փոխանակման ծրագրի հիմնական թիրախներն էին՝ Ճշգրիտ  գյուղատնտեսությունը, գյուղատնտեսությունում թվային տեխնոլոգիաների եւ ռոբոտների կիրառումներին, ՎԿԳ համալսարանի անասնապահության ուսումնական կենտրոնի թվային սենսորային համակարգերին ծանոթանալը, քննարկումներ Թվային ագրոբիզնեսի կարողունակության կենտրոնում (KoDA), գյուղոլորտում արհեստական բանականության օգտագործման թեմայով հանդիպում դոկտ․ Պատրիկ Նոակի հետ։ Այցի մասնակիցները ծանոթացան կթի Lely ռոբոտների աշխատանքին, կենսասենսորային smaXtec համակարգերին, ինչպես նաեւ ճշգրիտ գյուղատնտեսության՝ KoDA-ում մշակված մոդելներին։

Պարոն Դավուդին համարում է, որ ճանաչողական այս այցելությունը հավասարապես կարեւոր էր ոչ միայն Ագրարայինի դասախոսների, այլեւ հայաստանյան ագրոտեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների համար եւ մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնում աջակիցներին եւ կազմակերպիչներին՝ EU-GAIA-ին, Ավստրիական զարգացման գործակալությանը եւ Վարդան Ուռուտյանին։ Իսկ ջերմ ընդունելության եւ այցելության հաջողությունն ապահովելու համար մասնակիցները շնորհակալություն են հայտնում Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահ Էրիկ Վույեին, ՎԿԳՀ Միջազգային շարունակական կրթության ղեկավար Արամ Արիստակեսյանին եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՎԿԳՀ-ի ուսանող Հարություն Թամոյանին։