«ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորություն» ծրագրի բացման միջոցառում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ/GBIF) կազմակերպության հետ գործակցությամբ ստացել է կարողությունների բարձրացման աջակցության դրամաշնորհ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնելու է ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը՝ Գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչի տեղակալ եւ ԳԿԻՄ-Հայաստանի ազգային ենթակառույցի ղեկավար Արմինե Աբրահամյանի ղեկավարությամբ:

Հայաստանը ագրոկենսաբազմազանության ծագման համաշխարհային նշանակության կենտրոններից է եւ 2020թ. ինտեգրվել է GBIF-ին՝ ՀԱԱՀ-ի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության եւ ԳԿԻՄ-ի համագործակցության շնորհիվ:

Հայաստանի գիտական համայնքի մեծամասնությունը կենսաբազմազանության վերաբերյալ համաշխարհային նշանակության տեղեկատվություն չի տարածում GBIF-ցանցի միջոցով՝ մի շարք պատճառներով, ներառյալ՝ համապատասխան հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության, տվյալների թվայնացման գործիքների եւ հմտությունների վերաբերյալ գիտելիքի անբավարարությունը, թվային տվյալների, մասնագետների բացակայությունը, լեզվական խոչնդոտները եւ այլն:

Ծրագրի նպատակն է մոբիլիզացնել Հայաստանի այն գիտական հաստատությունները (գիտնականների խմբերին), որոնք օգտագործում են կենսաբազմազանության տվյալները տարբեր բնագավառներում՝ ամրապնդելու համար տվյալների օգտատերերի՝ թվայնացմանն առնչվող գործելակերպերը, տվյալների մաքրման մեթոդներն ու գործիքները, GBIF չափորոշիչներն ու գործիքները՝ տվյալների ու մետատվյալների հրապարակման համար (աշխարհագրական տեղեկատվություն, տաքսոնոմիական ծածկույթ, մետատվյալներ, պիտանիություն օգտագործման համար եւ այլն) եւ թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել GBIF պորտալը՝ տվյալների հայտնաբերման նպատակով:

Ընդհանուր առմամբ, իշխանությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, որոնք զբաղվում են կենսաբազմազանությամբ, պետք է բավականաչափ ծանոթ լինեն GBIF-ին եւ իմանան, թե ինչպես կարելի է թեʹ նպաստել վերջինիս աշխատանքին եւ թեʹ օգտվել դրանից՝ կենսաբազմազանության ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, պահպանման եւ այլ խնդիրների լուծման նպատակներով:

Ծրագրի  հիմնական նպատակներն են՝ 1. վեբ կայքի նախագծում եւ ստեղծում, ցանցի ամրապնդում, 2. ԳԿԻՄ Հայաստանի աշխատակազմի եւ ազգային շահակիցների կարողությունների զարգացում: Ծրագրի շրջանակում կանցկացվեն վերապտրաստման միջազգային եւ տեղական դասընթացներ, ձեռնարկների եւ էլեկտրոնային ուսուցման մոդուլների հրատարակում` կենսաբազմազանության տվյալների թվայնացման գործիքների եւ կառավարման վերաբերյալ գիտելիքների եւ կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի բացման միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի Ագրիթեք ինկուբատորի լսարանում: