Ուսանողական 23-րդ գիտաժողովի եւ Ուսանողական գիտական շաբաթվա գերհագեցած ծրագրի շրջանակում մայիսի 17-ին Ագրոնոմիական ֆակուլտետի Հայոց եւ օտար լեզուների ամբիոնը կազմակերպել էր ֆակուլտետի առաջին կուրսի, ինչպես եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների զեկուցումների ներկայացումը։
Առաջնային նպատակը լեզուների իմացության մակարդակի բարձրացման խրախուսումն էր, եւ ֆակուլտետի, ամբիոնի ու քոլեջի ղեկավարությունն ու աշխատանքների ղեկավար դասախոսները, այս առումով, հասան իրենց նպատակին։ Սակայն ավելի կարեւոր հանգամանքն այն է, որ օտար լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, առաջին կուրսի ուսանողներն ու քոլեջականները կարողացան պատշաճ մակարդակով ներկայացնել իրենց հետազոտությունների արդյունքները, որոշ դեպքերում՝ բիզնես գաղափարները, մեկ-երկու դեպքում՝ արդեն մեկնարկած գործունեությունը։
Հրատապության տեսակետից, օտար լեզուներով ներկայացված եւ հայերենով ամփոփված թեմաները ամենեւին չէին զիջում Ագրոնոմիական ֆակուլտետի գիտաժողովի՝ նախորդ օրվա նիստերում ավագ կուրսեցիների՝ մայրենիով հնչեցրած թեմաներին։ Ընդհանուր առմամբ, Ագրոնոմիականի գիտաժողովում ներկայացվել է 23 զեկուցում․ լավագույն աշխատանքները, ինչպես եւ մյուս ֆակուլտետների դեպքում, հանձնաժողովները կընտրեն Գիտական շաբաթվա ամփոփիչ փուլում՝ ՀԱԱՀ ագրոճամբարում ներկայացվելու համար։
Ուսանողների ընտրած եւ ղեկավարների օգնությամբ «աշխատված» բավականին մեծ թվով հետազոտություններ կան, որ վստահաբար հասունացած են ոչ միայն որպես գիտական հանդեսներում հրապարակման ենթակա հոդվածի նյութ, այլեւ՝ որպես հեռանկարային ստարտափ գաղափար, ներդրման ենթակա պոտենցիալ բիզնես։ Այս մասին, ի դեպ, ուսանողներին ուղղված իր ամփոփիչ խոսքում նշեց նաեւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսանողներին, նրանց ղեկավարներին, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնին եւ քոլեջին։
Շնորհակալական ու ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաեւ ամբիոնի վարիչ Ռուզաննա Փիլոսյանը՝ ուսանողներին մաղթելով հետագա հաջողություններ ու խրախուսելով, որ շարունակեն որոնել, պրպտել եւ իրենց մասնագիտական ուղին հարթեն՝ նաեւ լեզուների իմացության օգնությամբ։