«Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում և ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» CONT-0799 նախագծի շրջանակում ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ մասնաճյուղի Ազգային գենբանկում պահպանվող մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների 63 բուսաբանական տեսակներին պատկանող սերմերը բազմացվել են եւ 1866 նմուշների կրկնօրինակները ապահով պահպանության են ուղարկվել Նորվեգիա՝ Սվալբարդի համաշխարհային սերմերի պահոցում երկարատև պահպանության:
Նորվեգիայի կառավարության կողմից 2021 թ․ հիմնադրված BOLD նախագծի աջակցությունը հնարավորություն է տվել վերականգնել հավաքածուն, որը կարեւոր է շարունակական գենետիկական հետազոտությունների համար:
Նույն նմուշների ևս մեկ կրկնօրինակ էլ շուտով պահպանության կուղարկվի «Չորային տարածքներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոն» (ICARDA):
Ըստ Crop Trust-ի՝ օրերս հրապարակած լրահաղորդման, Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցը ողջունել է գենբանկի՝ Հայաստանից եւ մի քանի այլ երկրներից ստացված վերջին համալրումը (20720 նմուշ 15 գենբանկից)։ Ընդհանուր առմամբ, այս պահին պահոցում ապահով պահպանման է հանձնված 1,29 մլն նմուշ ամբողջ աշխարհից։
Հիշյալ հրապարակումը մասնավորապես անդրադառնում է այն հանգամանքին, որ ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ-ն ապահով պահպանման է ուղարկել վայրի ցորենի եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի սորտերի նմուշներ։ Այս կապակցությամբ գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Անդրեաս Մելիքյանը պարբերականին ասել է․ «Ես մասնագիտական մեծ պատասխանատվություն եւ բավարարվածություն եմ զգում, որ հարավորություն է ստեղծվել պահպանության դնել Հայաստանի մի փոքր տարածքում գտնվող ավելի քան 60 կարեւոր բուսատեսակների սերմերը»:
«Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում եւ ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» նախագիծը ՀԱԱՀ ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնն իրականացնում է Համագործակցության զարգացման նորվեգական գործակալության (Norad) հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո։