Արցախում իրավիճակի բերումով երեւանյան առաջին միջազգային Կանաչ խորհրդաժողովը չի կայանա

Եւրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ կազմակերպելիք՝ Հայաստանում 1-ին Կանաչ խորհրդաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել ս․թ․ հոկտեմբերի 4-5-ը, հետաձգվում է՝ արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների բերումով։

«Հայաստանում հարակայուն զարգացման ապահովում՝ կանաչ գյուղատնտեսության միջոցով» կարգախոսով անցկացվելիք խորհրդաժողովը նվիրված էր լինելու կանաչ գյուղատնտեսության բնագավառում հարակայուն զարգացմանը եւ կիրառական հետազոտություններին եւ ռազմավարական առումով հեռանկարային էր լինելու հայաստանյան գյուղատնտեսական հանրության տարբեր շերտերի համար՝ մեր միջազգային գործընկերների հետ հետաքրքիր ու կարեւոր գործակցության միջավայրում։

Կազմկոմիտեն շնորհակալություն է հայտնում արդեն գրանցված մասնակիցներին եւ հույս հայտնում, որ խորհրդաժողովը կկայանա մոտ ապագայում։

Միանալով Արցախում ստեղծված հումանիտար աննախադեպ ճգնաժամի հետեւանքով առաջացած տագնապալի իրավիճակի հաղթահարման ուղղությամբ թե կառավարության եւ թե հասարակական մակարդակներում ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, դասախոսները եւ աշխատակիցները ամեն ջանք կգործադրեն, որ հնարավորինս արագ մոտեցնենք բնականոն, խաղաղ ու ստեղծարար գործունեության հուն մտնելու մեր ժամանակը։