Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար:
Փետրվարի 26-27-ը կայացած դասընթացը վերաբերում էր ինտենսիվ այգեգործությանն ու կաթնամթերքի արտադրությանը: Դասընթացավարներն էին գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձագետ, ՀԱԱՀ դոցենտ Արա Հովհաննիսյանը եւ Սիսիանի մասնաճյուղի կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վերգինե Ավագյանը:
Դոցենտ Հովհաննիսյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման հնարավորություններին, ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի կիրառման առանձնահատկություններին: Տիկին Ավագյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց չանախ պանրի եւ թթու կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաներին, կաթի ճիշտ նմուշառման, տիտրվող եւ ակտիվ թթվության, յուղայնության որոշման եղանակներին:
Ինչպես հաղորդում է Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը, դասընթացավարները մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ են կատարում մասնագիտական պարտքը՝ Արցախից տեղահանվածներին տրամադրելով արդիական գիտելիքներ եւ գործնական փորձ:
Սիսիանի մասնաճյուղն իր հերթին ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում Արցախից տեղահանվածների համար անցկացվող դասընթացների որակի եւ նպատակայնության ապահովմանը: Ավելի վաղ անցկացվել են դասընթացներ ջերմատնային մշակաբույսերի մշակման եւ հատապտուղների ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբոյսերի մշակության տեխնոլոգիաներին թեմաներով: Իսկ առաջիկա թեմաները կվերաբերեն ագրոճարտարագիտության ոլորտին: