Արտալսարանային. Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն

Կենսագործունեության անվտանգության ամբիոնի չորրորդ կուրսի տասն ուսանողներ հոկտեմբերի 7-ին արտագնա դասեր ունեցան Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում: Շրջակա միջավայրի մշտադիտարկում եւ տեխնիկական միջոցներ եւ Էկոլոգիական ռիսկերի գնահատում եւ վերլուծություն առարկաներից գործնական դասերն անցկացրեցին ՊՈԱԿ-ի մեր գործընկերները: Նախաձեռնության հեղինակը ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյանն էր:

ՊՈԱԿ-ի մասնագետները մեծ պատրաստակամությամբ ուսանողներին ծանոթացրեցին արդիական տեխնիկայով եւ գործիքներով հագեցած լաբորատորիային, շրջակա միջավայրի աղտոտիչներին, դրանց որոշարկման մեթոդներին, ներկայացրեցին լաբորատորիայի տարբերի բաժինների աշխատանքի սկզբունքները, ջրերում հիդրոկենսաբանական հետազոտության սկզբունքներին, օդում, ջրում եւ հողում նմուշառման եղանակներին եւ այլն:

Ուսանողները շատ տպավորված եւ հարստացած դուրս եկան, ավելի ստույգ՝ տիկին Խաչատրյանը նրանց դժվարությամբ դուրս հանեց լաբորատորիայից: Այս առումով նա հաճույքով է «դժգոհում» իր ուսանողներից եւ իր գոհունակությունն արտահայտում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի մեր գործընկերների մասնագիտական որակների եւ ուսանողների հետ աշխատելու պատրաստակամության ու կարողականության վերաբերյալ:

Հատկանշական է, որ արագ փոփոխվող տեխնոլոգիաների մեր ժամանակներում դասախոսները, ուսանողների համար գործնական պատրաստվածության հնարավորություններ ստեղծելուն զուգահեռ, իրենք էլ են մշտապես ձգտում «բարձունքում» մնալ՝ օգտվելով մասնագիտական վերապատրաստման պատեհ հնարավորություններից: Տիկին Խաչատրյանը եւ ամբիոնի իր գործընկեր Արմեն Ղազարյանն, օրինակ, վերջերս մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում կազմակերպված վերապատրաստման դասընթացին, որը վերաբերում էր քաղհասարակության կողմից հանքարդյունաբերության գործունեության մշտադիտարկմանը: