Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս ընդունել էր Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանին, նախագծերի ղեկավար Անի Աղաջանյանին եւ ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանին։ Գործնական, միաժամանակ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ հյուրերը նախ հետաքրքրվեցին համալսարանում ընթացող բարեփոխումներով, որոնց մասին բավականին լավատեղյակ էին (մասամբ՝ Անի Աղաջանյանի շնորհիվ, որը ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի շրջանավարտ է)։
Շտիգեն ընկերության պատասխանատուների հատուկ հետաքրքրության առարկան նոր եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ համալսարանում շարք մտած ենթակառույցներն էին, դրանց օգտագործման ընդհանուր արդյունավետությունը եւ, անշուշտ, էներգաարդյունավետությունը։ Ռեկտոր Ուռուտյանը հաճույքով պատասխանեց բոլոր հարցերին՝ համակողմանի տեղեկություններ տրամադրելով բուհի ագրոտեխնոլոգիական փոխակերպման մասին, որն իրականացվում է ավելի քան 40 նոր ենթակառույցների, գյուղատնտեսական ստարտափների ինկուբացիայի, կրթական ծրագրերի արդիականացման եւ հարակից գործընթացների միջոցով։
ՀԱԱՀ-ի՝ Շտիգեն ընկերության հետ մեկնարկող գործակցության վերաբերյալ հյուրերն արտահայտեցին իրենց պատկերացումները, որոնք վերաբերում են համալսարանի մասնաշենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը, ուսանողների վերապատրաստմանը եւ փորձուսուցումների կազմակերպմանը (լավագույններին աշխատանքի ընդունելու նկատառումով), ուսումնական ծրագրերի՝ էներգետիկ նոր տեխնոլոգիաների բաղադրիչի մշակմանը եւ այլն։
Այսպիսով, երկրի եւ թերեւս տարածաշրջանի «ամենաէներգաարդյունավետ» ընկերության հետ Ագրարային համալսարանի ձեւավորվող գործընկերությունը, որն առաջիկայում կամրագրվի համապատասխան հուշագրով, միայն պարզապես համալսարանի էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատմանը չէ, որ ուղղված է։ Այս գործակցությունը կարող է լավագույն օրինակ հանդիսանալ խնայողական եւ բնապահպանական տեսակետից անվտանգ տեխնոլոգիական լուծումները երկրում տարածելու առումով, որը հենց մեր գործընկերների սկզբունքն ու առաքելությունն է։ Ընդսմին, պարոն Շեկյանը համալսարանը շատ կարեւոր հանգույց է համարում հետագա համատեղ ձեռնարկումներում, մասնավորապես՝ համապատասխան ուսուցում ստացած ուսանողների օգնությամբ էներգաարդյունավետ տեխնոլոգիաները ամբողջ երկրով տարածելու գործում։
Շտիգեն ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․։ Նախագծել, կառուցել եւ սպասարկում է տարածաշրջանի խոշորագույն արեւային կայանը, Հայաստանի խոշորագույն արեւային էլեկտրակայանները, իրականացնում է յուրօրինակ կրթական ծրագրեր։