Հուլիսի 28-ին ավարտվեց ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գեովայբ ՓԲԸ-ի իրականացրած վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացը՝ «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով։ Դասընթացի 20 մասնակիցները ՀԱԱՀ-ի եւ այլ համալսարանների ներկայացուցիչներ էին, ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետներ, կրտսեր մասնագետներ եւ ուսանողներ։
Դասընթացի ավարտման օրը ՀԱԱՀ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հավատագրեր շնորհեց մասնակիցներին։ Կարեւոր համարելով ԵՏՀ եւ հեռահար զոնդավորման դերը գյուղատնտեսության եւ առհասարակ երկրի առաջընթացի համար, ռեկտոր Ուռուտյանը հույս հայտնեց, որ մասնակիցների ստացած գիտելիքները կկիրառվեն մասնագիտական գործունեության ընթացքում, ուսանողներին գիտելիք փոխանցելու գործում, հետազոտական աշխատանքներում եւ այլն։ Պարոն Ուռուտյանը խոսեց ոլորտում ԵՏՀ մասնագետների խիստ պահանջի մասին, եւ ի աջակցություն հայտարարեց, որ մասնակիցներից նրանք, որոնք իրենց մասնագետ են համարում, կարող են թողնել տվյալները՝ անհրաժեշտության դեպքում իրենց հետ կապվելու համար։
Վերապատրաստողները գյուղատնտեսության ոլորտում փորձ ունեցող ԵՏՀ եւ ՀԶ ոլորտի փորձագետներ էին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Սերյոժա Կարապետյանը եւ Գեովայբ ՓԲԸ-ից՝ Կարեն Հարությունյանը։
Բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ դասընթացի համար։ Այն հագեցած էր գործնական պարապմունքներով, նյութերը մատուցվում էին մատչելի եւ հասկանալի։ Մասնակիցները ձեռք բերեցին ԵՏՀ եւ հեռահար զոնդավորման գիտելիքներ, տարածական տվյալների տնօրինման, վերլուծության եւ ներկայացման ծրագրակազմային գործիքների ու եղանակների օգտագործման հմտություններ, ինչպես նաեւ կանաչ գյուղատնտեսության ոլորտում այդ ամենի տարբեր կիրառումների փորձ։
Դասընթացը նաեւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտի փորձի փոխանակման, տարբեր ոլորտների մասնակիցներից մասնագիտական ցանցի ստեղծման հնարավորություն տվեց։
Շաբաթական 4 օր՝ 3-ական ժամ տեւողությամբ դասընթացը հնարավորություն տվեց ոչ մասնագիտական հիմք ունեցող մասնակիցներին եւս պատկերացում կազմել համապատասխան ծրագրակազմերի լայն հնարավորություններին եւ դրանցով լուծվող խնդիրներին, որն այնքան անհրաժեշտ է ժամանակակից աշխարհում։
Ինչպես տեղեկացանք ռեկտոր Ուռուտյանից, աշնանը կլինի դասընթացի 2-րդ փուլը, ինչպես նաեւ նախատեսվում է դասընթաց ագրոդրոնների՝ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի թեմաներով՝ 15֊29 տարիքային խմբի համար` ՀԱԱՀ գործընկեր Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) շրջանակում։
Արմինե Համբարձումյան
«Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն եւ կադաստր» մասնագիտությամբ ասպիրանտ