Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը եւ Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանն այն հաստատ համոզումն ունեն, որ մասնագիտական պատրաստվածությունից զատ, Ագրարայինի ուսանողներին անհրաժեշտ է նաեւ հաղորդակից դարձնել ազգային մշակութային արժեքներին։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան տնտեսականի եւ այլ ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների այցի նախաձեռնումը, ահա, այդ համոզման գործնական մարմնավորումն էր։
Ագրարայինցիներին դիմավորեց փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը, որն, ի դեպ, դոցենտ Սուքիասյանի ուսանողն է եղել, ոչ թե պարզապես բացատրություններ տվեց ամրոցի, պատմական ժամանակաշրջանի ու անցքերի վերաբերյալ, այլ ուսանողներին Վանի թագավորության փառավոր հատվածի կարեւորագույն հանգրվանների բացահայտման գործի մասնակից դարձրեց, ընդհուպ մինչեւ ուրարտերեն սեպագրեր ընթերցելու առաջին՝ ոչ անհաջող փորձը։
Պետք է նշել ուսանողների արտակարգ հետաքրքրվածությունն ու ոգեւորությունը եւ, որ արժեքների որոշակի վտանգման հակասական մեր ժամանակներում պակաս կարեւոր չէ՝ թանգարանում եւ արգելոցում հասուն պահելաձեւը։
Ուսանողները, որոնց մեջ կային, որքան էլ զարմանալի է՝ առաջին անգամ Էրեբունիում գտնվողներ, իրենց երախտագիտությունը հայտնեցին պրոֆեսոր Ղազարյանին եւ դոցենտ Սուքիասյանին՝ արտակարգ հետաքրքիր ու հիշարժան միջոցառումը կազմակերպելու եւ հովանավորելու, իսկ Վահե Սարգսյանին՝ անչափ հետաքրքիր, մարդուն փոխող, «ուրարտացնող-հայացնող» մեկնությունների համար։