Նոյեմբերի 5-ին լրացավ Հայաստանում ագրարային տնտեսության եւ ագրարային բարձրագույն կրթության կազմակերպման երախտավոր, գ.գ.դ., ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 70-ամյակը:
Գիտնականի, մանկավարժի եւ Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի տարեգրության մեջ նկատելի հետք թողած արժանավոր քաղաքացու հոբելյանին եւ հիշատակին նվիրված միջոցառումը երախտագիտության բարձր զգացումով նշեցին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի իր գործընկերները՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մերի Գրիգորյանի, ուսանողության ներկայացուցիչների եւ Ալեքսանդր Հակոբյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցները ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Հակոբյանի շիրմաքարին, արժեւորման խոսքեր հնչեցին…
Բուհի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Ալեքսանդր Հակոբյանի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշ-ցերեկույթ: Բանախոսեցին փոխտնօրեն Վ. Մանուկյանը, հումանիտար եւ տնտեսագիտական առարկաների բաժնի վարիչ Ա. Շերմազանյանը, հաշվապահ Ա. Գասպարյանը, ավագ դասախոս Ռ. Պարսամյանը, մեթոդիստ Ա. Խառատյանը: Ամբարված հուշերը մեկ անգամ եւս կենդանացան, երբ ցուցադրվեցին հատվածներ մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակի առթիվ նկարահանված ֆիլմից: Ալ. Հակոբյանի որդին՝ Վահան Հակոբյանը, շնորհակալական խոսք ուղղեց մասնաճյուղի հանրույթին:
Մեծ երախտավորի հիշատակը վառ պահելու, նրա գործը շարունակելու, կայուն առաջընթացի տեսլականն իրականություն դարձնելու պատրաստակամությամբ է այսուհետ եւս գործելու բուհի հանրույթը՝ նորանշանակ տնօրենի գլխավորությամբ: