Բուհը սկսվում է գրադարանից, եւ այդ տեսակետից մեզ համար շատ էական է, որ մեր բուհի գիտական գրադարանը բուհական լավագույն գրադարան անվանակարգում արժանացել է բարձրագույն գնահատականի: Մեր գրադարանային պաշարները միշտ համալրվել են գոհացնող ծավալներով, առավել շատ պահանջարկ ունեցող մասնագիտական գրականությունը թվայնացված եւ հասանելի է ուսանողներին:
Իսկ ընթերցասրահները վաղուց դարձել են երիտասարդների նախաձեռնությունների, քննարկումների՝ անթերի, տրամադրող հարթակներ:
Այսօր՝ ապրիլի 17-ին հյուրընկալել էինք Խնկո Ապոր անվան մանկական, տարբեր բուհերի գրադարանների աշխատակից-նվիրյալներին: Նրանք եղան գրապահոցում (բացառիկ խնամված եւ գրքերի համար միանգամայն անվտանգ միջավայր է սա), ընթերցասրահներում:
Կարծում ենք, տպավորությունը գոհացնող էր: Այս կարգի փոխայցելությունները մեծ, անգնահատելի աշխատանք կատարող բոլոր մասնագետների համար շատ կարեւոր նշանակություն ունեն եւ հրաշալի է, որ իրականացվում են կանոնավոր պարբերականությամբ: