Ագրոէկոլոգներն ու անտառագետները պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները

«Ագրոէկոլոգիա» եւ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» մասնագիտությունների ավարտական կուրսի ուսանողներն ապրիլի  22-ին հրաժեշտ տվեցին ուսումնառության բակալավրիական տարիներին եւ հաջողությամբ պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները։

Հետաքրքիր էին թե ոլորտը, թե թեմաները եւ թե ուսանողները՝ թեմաների իմացությամբ ու հաղորդակցական «շնորհքով»։ Պատահական չէր հանձնաժողովի, ընդհանուր առմամբ, դրական գնահատականն ու գոհունակությունը դիպլոմային աշխատանքներից, անշուշտ՝ որոշ աշխատանքների հանդեպ առանձնակի հետաքրքրությամբ եւ հավանությամբ։

Մասնավորապես, մի քանի թեմաներով ուսանողներն արդեն ունեին տպագրված հոդվածներ («Սեւանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համատեքստում հողաբարելավիչների կիրառման տեխնոլոգիայի արդյունավետության գնահատումը», «Սոթք եւ Մասրիկ գետերի ջրային պաշարների կառավարումն ու էկոլոգիական վիճակի գնահատումը հանքարդյունաբերության գործունեության համատեքստում») կամ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կաղնու համակեցությունների անցանկալի տեսակափոխության խնդիրները Ճամբարակի անտառտնտեսության պայմաններում, Ուղղաձիգ կանաչապատման առանձնահատկությունները եւ կիրառման հնարավորությունները Երեւանի Էրեբունի վարչական շրջանում եւ այլն։

Հայաստանի համար գնալով ավելի կարեւոր ու հրատապ դարձող ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ոլորտներում Ագրարային համալսարանի այս սերունդը շատ անելիք ունի։ Դատելով նորընծա շրջանավարտների առաջարկած լուծումներից՝ նրանք պատվով են կատարելու իրենց գործը թե գիտելիքով եւ թե վերաբերմունքով։