Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի բաց դռների օր ԱՈՒԿ-ում

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում կայացած Բաց դռների օրը նվիրված էր Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի (MAB) ներկայացմանը։ Հանդիպման համար գրանցվածների փոքր, բայց հետաքրքրված (ինչպես նաեւ՝ ագրոբիզնեսում արդեն կայացած-կայացող) մասն էր եկել։ Դա ամենեւին չխանգարեց բովանդակալից զրույցի եւ արժեքավոր տեղեկույթի փոխանակմանը։

Նախ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը ողջունեց հյուրերին եւ հակիրճ ներկայացրեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը: Տեխասի A&M համալսարանի ուսումնական պլանի վրա հիմնված կրթական ծրագիրը դասավանդվում է անգլերենով, տեւողությունը՝ 18 ամիս, ուսման վարձը շատ ավելի ցածր է համադրելի միջազգային այլ ծրագրերի վարձից։ Ծրագիրը պատրաստում է ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտների մասնագետներ, որոնք օժտված են խոր քանակական գիտելիքներով, կառավարչական ճկուն հմտություններով եւ որոշում ընդունելու կարողությամբ։ Գրեթե 100 տոկոսով մասնագիտական աշխատանքով ապահովվածությունը ծրագրի շրջանավարտների համար բնականոն ցուցանիշ է։

Այնուհետեւ հետաքրքիր ելույթով հանդես եկավ MAB-ի շրջանավարտ Վահան Մելքումյանը, որը մասնակիցներին ներկայացրեց այս կրթական ծրագրի եզակիությունն ու կարեւորությունը, իր եւ իր կուրսընկերների անձնական հաջողված կարիերայում դրա անփոխարինելի դերակատարությունը։ Պարոն Մելքումյանը առարկայորեն ցույց տվեց ագրոբիզնեսի գրավիչ ոլորտն ընտրելու ամբողջ «հմայքը», որ, անշուշտ, իրողություն է դառնում ջանադիր աշխատանքի, նվիրվածության, գերակա ոլորտի զարգացման գործում երկրին օգնելու գաղափարական ամուր հենքի շնորհիվ։ Վահանի խոսքն  արժեքավոր էր տարբեր առումներով, սակայն թերեւս ներկաների հիշողության մեջ առաջին հերթին կմնա կրթության եւ կարիերայի հանգրվաններում ճիշտ որոշում կայացնելու նրա ուղերձը։

Մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին նաեւ ԱՈՒԿ-ի MAB ծրագրի դասախոս, ԱրմԹեք Իմփաքթ վենչուրային ֆոնդի հիմնադիր տնօրեն, Օքսֆորդի շրջանավարտ Վահանգն Ոսկանյանի «Ձեռներեցություն ագրոբիզնեսում» թեմայով դասախոսությունը, որ այլ խոսքով կարելի է անվանել ձոն գյուղատնտեսությանը, ագրոբիզնեսին, այս ոլորտների արագ փոխակերպումների պայմաններում գործնական որոշումներ կայացնելու ունակությանը եւ անշուշտ՝ Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի ընձեռած հնարավորություններին․․․

MAB ծրագրի, դիմելու պայմանների եւ ընթացակարգի մասին ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Իսկ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում միշտ էլ պատրաստակամորեն կտրամադրեն լրացուցիչ տեղեկություններ։