«Ագրիթեքը` որպես արդյունաբերության ոլորտ». աշխատաժողով ՀԱԱՀ-ում

2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի պղպեղի վերամշակման բիզնես, որի հիմնադիրն է եւ որը կոչվում է “Fire tongue farms”: Հայաստան այցի ընթացքում Լեւոնը կազմակերպել եւ վարել է երկշաբաթյա կրթական լաբ Թումոյում՝ «Ապրանքի արտադրության կառավարումը եւ իրերի համացանցը կլիմայի համար» խորագրով։

Երկուշաբթի՝ հունիսի 12-ին, Լեւոն Մինասյանը հանդես կգա «Arable Labs» ստարտափ կազմակերպության մասին բանախոսությամբ եւ կներկայացնի ընկերությունը, շուկան, մարտահրավերները, 5 տարի ստարտափ կազմակերպություն ղեկավարելու եւ այդ կազմակերպությունում իր աշխատանքի առանձնահատկությունները։

Չորեքշաբթի՝ հունիսի 14-ին, նա ավելի մանրամասն կխոսի ագրիթեքի՝ որպես արդյունաբերության ոլորտի մասին․ որոնք են ոլորտի հիմնական մարտահրավերները, ով ունի մեծ ազդեցություն ոլորտի վրա, ուր է ոլորտը շարժվում եւ ինչ պետք է իմանան այս ոլորտով հետաքրքրված ուսանողները/մարդիկ՝ նոր գաղափարներ ձեւավորելու համար։