Երեւան էքսպո կենտրոնում այսօր ավարտված «Կրթություն եւ կարիերա Էքսպո 2023» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես միշտ, պատշաճ ներկայացված էր։ Տարածաշրջանային, ի դեպ այս տարի՝ նաեւ արտերկրի կրթական կառույցների զգալիորեն ավելի մեծ ներգրավվածությամբ, ցուցահանդեսը լավագույն հնարավորություն էր ցուցադրելու Ագրարայինի նորացված կրթական ծրագրերն ու լաբորատոր, գիտական, տեխնոլոգիական հնարավորություններն ու սարքավորումները։ Տարբեր ֆակուլտետների ուսանողները, Կարիերայի կենտրոնի աշխատակիցներն ու դասախոսները գերազանց ներկայացրեցին մեր համալսարանը հարյուրավոր այցելուներին։
Ոչ միայն մասնակիցների ու այցելուների թվով եւ աշխարհագրությամբ, այլեւ կազմակերպչական առումով թերեւս աննախադեպ ցուցահանդեսում Ագրարայինի ընդարձակ, տարբերվող ու գրավիչ տաղավարում արտակարգ աշխուժությունը զուգակցվում էր նաեւ հաճելի զարմանքի հետ։ Պատճառները քիչ չէին՝ սկսած ուսանողների ձեռքով պատրաստված հացի ու շոկոլադի անծանոթ ու առինքնող համերից միչեւ ճշգրիտ գյուղատնտեսության ժամանակակից սարքավորումներ, որ միանգամից գրավում էին հավաքված դպրոցականների ու մեծերի ուշադրությունը, նորագույն մասնագիտությունների վերաբերյալ շահագրգիռ հարցուպատասխաններից մինչեւ կարճաժամկետ ծրագրերին մասնակցելու «հնարների» շուրջ բանակցելը։
Նոր կապեր հաստատելու, նախնական գործընկերային պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով եւս այս տարվա «Էքսպոն» աննախադեպ էր։ Ի դեպ, այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ ՀՀ կրթության, գիտության․ մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ, որը, ծանոթանալով համալսարանի վերջին ձեռքբերումներին, հաճույքով ընդունեց առաջիկայում համալսարան այցելելու հրավերը։