Ագրարային համալսարանը մասնակցեց «Գիտական շաբաթ» փառատոնին

Հոկտեմբերի 3-ից 4-ը Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ» փառատոնի «Մասնագիտական կողնորոշում» խորագրով միջոցառմանը։ Առաջին անգամ անցկացվող փառատոնը տեղի ունեցավ Երեւանում եւ բոլոր մարզերում։

Ուսումնական, գիտական, հետազոտական բազմաթիվ հաստատությունների շարքում Ագրարայինի տաղավարն աչքի էր ընկնում ներկայացվող կրթական, գիտական ու արտադրական ցուցանմուշների բազմազանությամբ, որ հետաքրքրում էին հարյուրավոր պատանի այցելուների եւ նրանց մանկավարժներին։

Ագրարայինը ներկայացված էր Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի, Հ․ Պետրոսյանի անվ․ հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ԳԿ-ի, Սննդագիտության  եւ կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի տարբեր բաժինների, Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ի ցուցանմուշները՝ ֆիզիկապես կամ պաստառների տեսքով։

Մեծ էր հետաքրքրությունը, մասնավորապես, գյուղատնտեսական անօդաչու սարքերի, փորձանոթներով in vitro բուսակների, կարտոֆիլի մինիպալարների, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում մեր ուսանողների պատրաստած արտադրատեսակների, համալսարանի «Սերունդ» գինու, բույսերի աճի խթանիչների եւ կենսաբանական պարարտանյութերի նկատմամբ։

Գործընկեր համալսարանների ուսանողներն էլ հետաքրքրվում էին ՀԱԱՀ-ում առաջարկվող կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերով, մագիստրատուրայի մակարդակում առաջարկվող կրթական ծրագրերով։

Ագրարայինի տաղավար այցելեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, համալսարանի գիտական ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի եւ քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Փառատոնին հատկապես մարզաբնակ դպրոցականների մեծաթիվ խմբերի ակտիվ եւ շահագրգիռ մասնակցության փաստը միայն բավարար է նախաձեռնության նպատակայնության մասին խոսելու համար։