Այսօր՝ օգոստոսի 22-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց մեկշաբաթյա աշխատանքային այցով ժամանած Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության պատասխանատուների պատվիրակությանը՝ Հայաստանում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը։
Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Վերգարային եւ INTA-ի պատվիրակներին այցի եւ արցախյան երկրորդ պատերազմից եւ համավարակից հետո 2018-ին մեկնարկած գործակցությունը շարունակելու հնարավորության համար։ Հիշեցնենք, որ դեսպանության աջակցությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, օգտագործելով INTA-ի փորձը, Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում առանձնացված 2 հեկտար տարածքի վրա փորձարկվում են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նորագույն տեխնոլոգիաներ, որոնց հիմնական շահառուները ուսանողներն ու ֆերմերներն են։
Դեսպան Վերգարան, բարձր գնահատելով Ագրարային համալսարանի հետ գործակցության այս հնարավորությունը, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին՝ հայտնի պատճառներով հետաձգված փոխգործակցությունը շարունակելու գործում օժանդակելու համար։ «Այս նախագծի հիմնական նպատակը արգենտինացի փորձագետների գիտելիքներն ու արգենտինյան գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների փոխանցումն է հայ ֆերմերներին ու երիտասարդներին՝ Ագրարային համալսարանի միջոցով, եւ ես վստահ եմ, որ հաջողելու ենք»։
Բարեկամ երկրի գործընկեր հաստատության ներկայացուցիչներն այնուհետեւ Դոցենտ Թովմասյանի եւ դոցենտ Նազարյանի ուղեկցությամբ ծանոթացան համալսարանի նորարարական ենթակառույցներից մի քանիսին։
Առաջիկա չորս օրերին արգենտինացի փորձագետները մեր մասնագետների հետ կաշխատեն Ոսկեհատի ՈՒՓՏ-ում, կայցելեն Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն, Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոն եւ բուսաբուծության նորագույն տեխնոլոգիաների թեմաներով վերապատրաստման ծրագիր կանցկացնեն ուսանողների, ֆերմերների, գործող մասնագետների համար։