Հեռակա դեպարտամենտի Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը տեղի ունեցավ հունիսի 15-ին:
Դիպլոմայինների հաջող պաշտպանության համար դասավանդող դասախոսները, դիպլոմային աշխատանքների ղեկավարները եւ հեռակա դեպարտամենտի ղեկավարությունը բավականին ջանքեր ու ժամանակ են տրամադրել: Պաշտպանության ժամանակ էլ նպաստավոր միջավայր էր ապահովված ուսանողների համար՝ իրենց ասելիքը հանձնաժողովին եւ կուրսընկերներին հասցնելու համար: Նկատվեց եւ մեկ գոհացուցիչ հանգամանք՝ ընդդիմախոսների կարծիքները, որ հանձնաժողովում ընթերցվում էին բարձրաձայն, աչքի էին ընկնում անաչառությամբ եւ ձեւական մոտեցման իսպառ բացակայությամբ: Ի դեպ, հանձնաժողովի անդամներից մեկն էլ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն էր:
Արդյունքներն, առհասարակ, բավարարում են դիպլոմային աշխատանքներին ներկայացվող պահանջները եւ, ինչպես միշտ եւ ամեն պարագայում՝ դրանք կարելի է բարելավել: Ուսանողներն, ընդհանուր առմամբ, կարողանում են գնահատել ագրոբիզնեսի գործող ձեռնարկությունների (որոնցից մի քանիսում հենց իրենք են աշխատում) գործարար ակտիվությունը, ֆինանսական վիճակը, ակտիվները, բանկի վճարային քարտերի սպասարկման ընթացակարգերը, փորձեր են անում ֆինանսական կանխատեսումներ անելու եւ այլն:
Տարեց-տարի արդյունքները բարելավվում են: Ընդ որում, բարելավվում են նաեւ լսարանի առջեւ բանախոսությամբ հանդես գալու՝ մեր ուսանողների հմտությունները: Այս առումով ուրախությամբ պետք է արձանագրել, որ հեռակայի ուսանողները աստիճանաբար կոտրում են ուսուցման այս եղանակի վերաբերյալ տասնամյակներով ձեւավորված կարծրատիպերը: Վստահ ենք, մեկ-երկու տարի անց միահարթվելու են այսօր դեռեւս առկա տարբերությունները: Ըստ էության, մեր դասախոսների, ղեկավարության եւ կրտսեր կուրսերի մտածելակերպում եւ գործելակերպում դրանք արդեն վերացել են: