Եւ սիրո ճանապարհն էլ խելամիտները անցնում են միայն սիրով: Սիրուց անդին, ասում են՝ ամայություն է: Սիրո հակառակն ամենեւին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես…
Եւ մեր վարժարանի տասներորդցիները՝ մահը հեռու վանելու կամք-նպատակով, հայոց լեզվի եւ գրականության հրաշալի-ճաշակավոր ուսուցչուհու՝ Կարինե Եսայանի ղեկավարությամբ, ուսումնական տարեվերջն ազդարարող զանգի ընդունված-տարածված-հոգնեցրած՝ ճապաղ, ձեռքից-ձեռք անցնող տանջված սցենարների փոխարեն քնարական-մեղեդային ծրագիր էին պատրաստել: Փոքր սրահում (ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում), բառացիորեն՝ ընտանեկան միջավայրում, առանց փքուն դատարկաբանության, առանց ծնծղաների, բայց ներշնչանքով, պատանիները կարդացին բանաստեղծությունների ընտրանի, սաքսոֆոն ու կիթառ նվագեցին, երգեցին, պարեցին: Երեւի բոլոր ներկաները զգացին, որ կյանքի արագացած թոհուբոհում բանաստեղծության կարոտ ու քաղց ունեն: Եւ վայելեցին… Ի տարբերություն մեր՝ ավագ սերնդի, այս պատանիներն ավելի հանգիստ են, զուսպ, անկաշկանդ, ոմանք անգամ արտիստական նշմարներով-ձիրքով օժտված:
Սերը լինելության ու հավերժի նախապայման է, եւ առանց մեր անմահացած հերոսների առջեւ խնկարկումի անհնար էր ավարտել ցերեկույթը: Այսուհետ եւ միշտ հենց նրանք են լինելու մեր գալիք սերունդների հայրենասիրության, նվիրումի օրինակելի ուսուցիչները: Հենց նրանց՝ մեր անմահներին էին ուղղված պատանիների խելահեղ սիրով լեցուն խելահեղ նամակները: Անպատասխան մնալու դատապարտված նամակները…
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց պատանիներին «մեզ փոխանցված սիրո, փառքի, հիշատակի, ամենակարեւորը՝ ապագայի լավատեսության չափաբաժնի համար» եւ շարունակեց. «Ուրախ եմ, որ ունենք տաղանդավոր երեխաներ: Հպարտ ենք ձեզնով եւ շնորհակալություն մանկավարժներին»:
Սաներին քաջալերեց, ուսուցիչներին շնորհակալություն հայտնեց նաեւ վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը: