ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Իրինա Գալստյանի՝ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան այցելությունը նաեւ կոնկրետ առաքելություն ուներ՝ մրցութային հանձնաժողովի կազմում որոշել «Դասարանի գարնանային ձեւավորում» մրցույթի (այո, վարժարանում ամեն լավ բան հնարավոր է…) մասնակից 10-12-րդ դասարանների մեջ լավագույն երեքին:
Մրցույթի ավարտին պարոն Զաքոյանը խոստովանելու էր, որ, բացի կրթադաստիարակչական նշանակությունից, վարժարանցիների հերթական նախաձեռնությանը աշակերտների ու մանկավարժների պատրաստակամ ու ոգեւորիչ մասնակցությունից, այցելուների համար հաճելի է լինել նորացվող, փոփոխվող միջավայրում, իսկ երեխաների համար՝ նաեւ կարեւոր է սովորել, աշխատել իրենց իսկ ստեղծած նոր մթնոլորտում: «Միջավայրի դրական փոփոխության մեջ սեփական մասնակցությունը աշակերտների մեջ դաստիարակում է, ի թիվս այլոց, նաեւ հաղթողի կեցվածք»,- ասում է պարոն Զաքոյանը:
«Օրերով միասին աշխատել են, գաղափարներ առաջ քաշել, վիճել, սնվել միասին. այս ամենը վստահաբար նպաստել է, որ երեխաները միմյանց ավելի լավ ճանաչեն, իրենց տարբերություններով հանդերձ միասնականություն հանդես բերեն ընդհանուր նպատակին հասնելու համար, որը շատ կարեւոր է որպես քաղաքացի ձեւավորվելու, թիմաստեղծ աշխատանքի հմտություններ ձեռք բերելու համար»,- տիկին Հակոբյանի տեսակետն է:
Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց վարժարանի սաներին եւ մանկավարժներին՝ բովանդակալից միջոցառման եւ առհասարակ նվիրված աշխատանքի համար, ինպես նաեւ երեխաներին շնորհավորեց ՀԱԱՀ ռեկտորի անունից:
Լավագույն երեք դասարանները, բավականին տեւական քննարկումներից հետո, ի վերջո որոշվեցին, մրցանակները հանձնվեցին, իսկ վարժարանի տնօրենի շնորհակալագիրը հանձնվեց բոլոր դասարաններին: Սակայն աշակերտների ջանքերի գնահատումը միայն սրանով չի սահմանափակվի. պրոռեկտոր Զաքոյանը բարձրաձայնեց նախապես հանձնաժողովի հավանությանն արժանացած իր մտահղացումը՝ գեղարվեստական արժանիքներով առավել աչքի ընկած նկարների երեք հեղինակների ցուցահանդես կազմակերպել ՀԱԱՀ-ի գլխավոր մասնաշենքում, ամենայն հավանականությամբ՝ համալսարանի թանգարանի տարածքում: