Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում, բուն գինու արտադրությունից զատ, իրականացվում են նաեւ տարբեր բնույթի նախագծեր՝ հետազոտականից մինչեւ սոցիալական:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի հետ համատեղ իրականացվող «Տեղահանված եւ տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական եւ սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում ուսումնագիտական կենտրոնում ներդրվել է ինկուբացիոն նախագիծ՝ Սիրիայից տեղահանված եւ տեղաբնակ ընտրված խոցելի խմբերի համար։
«Նախագծի շրջանակում ընտրված 6 մասնակիցների հետ համատեղ արտադրում ենք որոշակի քանակությամբ գինի խաղողի հայկական սորտերից։ Մենք՝ կենտրոնի աշխատակիցներս եւ գլխավոր գինեգործ Արտակ Գաբրիելյանը հաճույքով ենք աշխատում նախագծի մասնակիցների հետ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ եւ օգնելով, որ գինու արտադրության ամբողջ գործընթացն ավելի լավ պատկերացնեն ու հմտանան մասնագիտության մեջ», -ասում է կենտրոնի մասնագետ Սյուզաննա Մոսիկյանը:
Մասնակիցները արտադրվում են երկու սպիտակ, երկու վարդագույն, երկու կարմիր գինիներ։ Գինիների ոճային ընտրությունը կատարվել է այն սկզբունքով, որ գինիները ոչ միայն իրար նման չլինեն, այլեւ երեւակեն ընդգծված տարբերությունները եւ բացահայտեն հայկական տարբեր խաղողներից անապակ որակյալ գինիների ստացման ներուժը:
Ծրագրի հաջողության գործում իր ուրույն տեղն ունի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիան, որտեղ արվում են պատրաստվող գինիների ֆիզիկաքիմիական հետազոտությունները:
Ինչպես հավաստում են կենտրոնի մասնագետները, նախագծի մասնակիցները ամբողջովին «գործընթացի մեջ են», եւ հետաքրքիր ուղի են անցնում ուսումնագիտական կենտրոնում՝ փորձնակից դեպի գինեսեր եւ ապա գինեգործ: