Համալսարանի ուսանողական 21-րդ գիտաժողովն անցկացվեց հունիսի 17-ին: Մոտ 60 զեկուցումներից համալսարանական փուլ էր անցել 17-ը: Դրանք աչքի էին ընկնում թեմաների հրատապությամբ, ուսումնասիրվածությամբ, արվող առաջարկների նպատակայնությամբ եւ իրագործելիությամբ: Զեկուցող ուսանողները հիմնականում դրսեւորեցին հաղորդակցական լավ հմտություններ, ոմանք՝ բանախոսական ակնհայտ տաղանդ:
ՈՒԳԸ գիտաժողովին մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Պարոն Ուռուտյանը նշեց, որ գիտաժողովին ներկայացված աշխատանքներից շատերը հնարավորություն ունեն տպագրվելու ոչ միայն մեր համալսարանի եւ հայաստանյան այլ գիտական հանդեսում, այլեւ՝ ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերուոմ: Ռեկտորը նաեւ համոզմունք հայտնեց, որ ներկայացված շատ աշխատանքներ նաեւ ունեն ստարտափ ծրագրեր դառնալու, գիտական արդյունքի առեւտրայնացման հնարավորություններ եւ հորդորեց հետեւողական լինել նաեւ այս հարցում:
Պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը ներկայացվող աշխատանքները գնահատեց մեր համալսարանի ռազմավարական ծրագրերի համատեքստում, որտեղ մեծ տեղ է հատկացված գիտությանը: Ի թիվս այլ նպատակների, պարոն Ծպնեցյանի համոզմամբ, գիտաժողովը ծառայում է կրթության եւ գիտության կապի ամրապնդման նպատակին:
Գիտաժողովին ներկայացվեց բուսաբուծության, անասնաբուծության, անասնաբուժության, պարենամթերքի վերամշակման, ագրոբիզնեսի, բնապահպանության, հարակից ոլորտներին առնչվող թեմաների լայն շրջանակ, ընդ որում՝ հաճախ ներառելով տեխնոլոգիական նորույթներ, նոր մոտեցումներ եւ լուծումներ:
Գիտաժողովի կարեւոր եզրահանգումներից մեկն այն էր, որ մեր ուսանողները ոլորտում նոր խոսք ասելու իրական հնարավորություններ դրսեւորեցին: Ուստի, ինչպես ռեկտոր Ուռուտյանը հորդորեց, իրենք եւ իրենց ղեկավարները պետք է հետեւողական լինեն, գիտաժողովը համարեն ոչ թե գործընթացի ավարտ, այլ սկիզբ եւ առաջ գնան: Դրա համար նրանք շատ լավ օրինակներ ունեն, որոնցից մեկի մասին հայտարարվեց գիտաժողովում. Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտ Դավիթ Մարկոսյանը ապրիլ ամսին լավագույն գիտական զեկույցի հեղինակ ճանաչվեց Ռումինիայում կայացած ուսանողական միջազգային գիտաժողովում, որին մասնակցում էին նախկին Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների ներակայացուցիչներ:
Մեկ այլ եզրահանգում էլ, հուսով ենք, կատարեցին պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչներ՝ անսալով ուսանողուհիներից մեկի այն հորդորին, թե՝ մի զլացեք եւ ժամանակ գտեք ղեկավարելու ուսանողների գիտական աշխատանքներն ու առհասարակ ուղղորդելու նրանց գիտական գործունեությունը, որ նոր է մեկնարկում:
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր: