Ծանոթացեք՝ ՀԱԱՀ շրջանավարտ, այսօր արդեն դասախոս Արայիկ Հակոբյան, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ: Պաշտոնը՝ տեսչության պետ լինելը, թող չշփոթեցնի ընթերցողին: Նույն Արայիկն է մնացել, որին հիշում ենք ուսանողական տարիներից՝ անսահման համեստ, խելացի, բանիմաց, աշխատանքին խելահեղորեն-անմնացորդ նվիրված:
Ընտանիքի պատմությունը սկսվում է հայոց բորբ ակութներից Վանից եւ Սյունիքից: Հետո այս պատկերը ամբողջացնելու եկավ արցախցի կինը: Հիմա նրանք ջերմությամբ պարուրած մեծացնում են իրենց լույս-զավակներին: Առայժմ երեքն են…
Հարցնում եմ, ինչպես ընտրեցիք բուհը, որտեղ պետք է սովորեիք: Ասում է. «Մի քիչ պատահական էր, բայց եկա ու սիրեցի: Մեր բուհի ընդհանուր մթնոլորտն է սիրելի, կուրսեցիներս, դասախոսական կազմը: Ու որքան էլ ծեծված խոսք թվա, բայց երկրորդ, երրորդ, հազարերորդ հնարավորության դեպքում, անվարան կընտրեմ Ագրարայինը»:
-Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդներին:
-Երիտասարդներին կհորդորեմ եղածի մեջ գտնել-տեսնել լավը, սիրով եւ պատասխանատվությամբ մոտենալ սովորելուն, աշխատանքին: Ագրարային համալսարանը ժամանակակից, մրցունակ մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները տալիս է, մնում է միայն նպատակամետ ու խելացի լինել:
Արայիկն արդեն մասնագիտության ընտրության կողմնորոշիչ է վեցամյա որդու համար, որն հաճախ է կրկնում. «Մեծանամ հայրիկի դեղին գործիքից եմ առնելու, գնալու եմ դաշտ` չափումներ անեմ»:
Հ.Գ. Մենք մեծ շարք ենք սկսում ՀԱԱՀ շրջանավարտներին նվիրված: Մարդկանց, որոնք դարձել են իրենց գործի, ոլորտի ակնառու ներկայացուցիչներ եւ նոր սերնդի համար շատ լավ օրինակ կարող են լինել, թե ինչպես պետք է սիրես Հայրենիքդ ու անմնացորդ նվիրվես այն ավելի ծաղկուն դարձնելու գործին:
Անի Խուդավերդյան