Այսօր, մայիսի 26-ին, տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին մեր գործընկեր 50-ից ավելի կազմակերպություն, 300-ից ավելի թափուր հաստիք լրացնելու անթաքույց հույսով:
Առաջին մասնաշենքի մերձակա պուրակում իսկական տոնավաճառ էր: Միահյուսվել էին արեւը, անձրեւը, երաժշտությունը, գերազանց տրամադրությունը, աշխատանք գտնելու երիտասարդական կամքը, համառությունն ու վճռականությունը:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դիմելով գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանող-շրջանավարտներին, աշխատակիցներին՝ նկատեց. «Սպասված էր այս միջոցառումը: Այսօրվա մարտահրավերները հաշվի առնելով շատ կարեւոր է, որ գործատուների հետ գործուն հարթակ ստեղծենք եւ շարունակաբար արդյունավետ համագործակցենք»: Իսկ նպատակը մեկն է՝ որ շրջանավարտները կարողանան գտնել իրենց տեղը աշխատաշուկայում:
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, որը մեր բուհի շրջանավարտ է եւ շատ կարեւորում է այդ հանգամանքը, ասաց. «Որքան շրջանավարտներն աշխատանք են փնտրում, գործատուներն էլ որոնում են իրենց ապագա մասնագետներին: Նոր կադրեր, որոնք բերում են թարմ շունչ, նոր մշակույթ: Կարեւոր է, որ խիստ մոտիվացված երիտասարդնեը նոր աշխատավայրերում չդեմոտիվացվեն»:
Առաջիկա օրերին հնարավոր կլինի տեղեկատվության ամփոփ պատկեր ստանալ եւ հստակեցնել, թե քանի երիտասարդ կարողացավ աշխատանք գտնել այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ, որի հեղինակը Կարիերայի զարգացման եւ շարունակակական կրթության բաժինն է: Բաժինը պատվով կատարեց գործատուին եւ պոտենցիալ մասնագետին մեկտեղելու՝ իր առջեւ դրված խնդիրը:
Հատկանշական է, որ ավանդական գործընկերների կողքին տոնավաճառին ակտիվորեն մասնակցում էին ընկերություններ, որոնց հետ ընդամենը շաբաթներ ու օրեր առաջ ենք գործակցային հուշագիր ստորագրել: Ի դեպ, նման եւս երկու հուշագիր ստորագրվեց հենց տոնավաճառի օրը: