Ապրիլի 14-ին եւ 27-ին տեղի ունեցան ՈՒԳԸ 21-րդ գիտաժողովի տնտեսագիտության մասնաճյուղի նիստերը, որոնք վարում էր դեկանը՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Նա ամենայն ուշադրությամբ մինչեւ վերջ լսեց բոլոր՝ 20 զեկուցումը: Բացի նշված ֆակուլտետից, մասնակցում էին նաեւ ճարտարագետներ եւ տեխնոլոգներ, որոնք իրենց մասնագիտությանն առնչվող տնտեսագիտական խնդիրները լուծելու փորձեր էին արել:
Մասնակիցների տարիքային «ներկապնակը» ընդգրկուն էր՝ առաջին կուրսից մինչեւ մագիստրանտներ: Թեմաները՝ բազմազան, ժամանակակից. մարկետինգի ռազմավարական դերը սոցցանցերում, նորարարությունների կիրառության հնարավորությունները ագրարային ոլորտում (հիշատակվեց նաեւ մեր համալսարանի դրոնների դերը), կանաչ, ուղղահայաց գյուղատնտեսություններ, ծանրաբեռնված մայրուղիների հարեւանությամբ գտնվող գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործում եւ այլն:
Զեկուցողները պատշաճ մակարդակով էին ներկայացնում ուսումնասիրությունները՝ առատ ցուցադրական նյութերի ուղեկցությամբ, առանց տեքստերից կախվածության-ազատ: Խնդիրները դիտարկելուց զատ փորձում էին լուծման ուղիներ առաջարկել:
Պրոֆեսոր Ղազարյանը բծախնդրորեն ուղղում, շտկում էր թերացումները, օգնում էր ավելի հղկված ու անթերի դարձնել աշխատանքները (օրինակ՝ հորդորում էր ավելի ուշադիր լինել հղումների հարցում, պաստառները ձեւավորելու օրինաչափություններն էր սովորեցնում), որոնցից լավագույնները կներկայացվեն ՀԱԱՀ համալսարանական փուլում, ինչպես նաեւ հանրապետության այլ բուհերում եւ ՌԴ-ում անցկացվելիք գիտաժողովներում: Նկատեց, որ հետազոտական բնույթի աշխատանքները կարող են տպագրվել արտերկրում՝ միջազգային հանդեսներում:
Դեկանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին-փոխնախագահին եւ նրանց հետ սիրով ու համբերատարորեն աշխատած դասախոսներին՝ այս շատ հետաքրքիր, բովանդակալից նիստերը իրականացնելու համար: