Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը հուլիսի 21-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Երկարամյա գործընկերների միջեւ կնքված հուշագիրը մեծապես հիմնված է գյուղատնտեսական եւ հարակից գիտությունների բնագավառում կողմերի ունեցած համբավի եւ ոլորտի զարգացման ընդհանուր նպատակների վրա, ներառյալ՝ տեխնոլոգիաներ կիրառելու, ցուցադրելու, ուսուցանելու եւ դրանց տարածումը խթանելու միջոցով։
Հուշագրով, մասնավորպես, նախատեսվում է գործակցություն ՀԱԱՀ-ի ուսանողների փորձուսուցումների անցկացման, դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի կատարման, հետբուհական կրթության, բակալավրիատի ուսանողների աշխատանքային կիսամյակների անցկացման ուղղություններով։ «Կանաչ արահետ» ՀԿ-ն կաջակցի ՀԱԱՀ-ի Կայուն գյուղանտեսություն մագիստրոսական կրթական ծրագրում «Կայուն ագրոէկոհամակարգերի» և «Բնական ռեսուրսների ինտեգրման կառավարում և կլիմա» թեմաների ներդրմանը և կրթական նյութերի պատրաստմանը։
ՀԱԱՀ-ի եւ «Կանաչ արահետի» գործակցությունը կներառի նաեւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գյուղատնտեսական ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպումը, մասնագիտական-մեթոդական նյութերի փոխանակումը եւ այլն։