ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի գործընկերուհիներ եւ ուսանողուհիներ։ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, վերջին տասնամյակներում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում աշխարհով մեկ՝ որպես կանանց տնտեսական, քաղաքական, աշխատանքային, հասարակական եւ այլ իրավունքների պաշտպանությանը նվիրված օր։ 2020-ի համար տոնի՝ միջազգային հանրության կողմից ընտրված կարգախոսն է՝ «Կարողունակ աշխարհը հավասար աշխարհն է»։

Այսպիսի կարգախոսները հրատապ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բազմաթիվ երկրներում, տարածաշրջաններում եւ հաստատություններում։

Մենք Ագրարային համալսարանում կիրառում ենք մասնագիտական կարիերայում եւ համալսարանական կյանքի տարբեր ոլորտներում սեռային հավասարության սկզզբունքը։ Նորացվող համալսարանում մասնագետի առաջխաղացման միակ եւ անբեկանելի չափանիշը բացառապես մասնագիտական կարողություններն ու անձնական բարոյական հատկանիշներն են։

Իսկ ահա նախաձեռնողականության առումով հաճույքով «ստիպված եմ» արձանագրել, որ թե´ մեր կին դասախոսներն ու տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, եւ թե´ մեր պրպտող ու տաղանդավոր ուսանողուհիները նույնիսկ գերազանցում են իրենց տղամարդ հավասարակիցներին։ Ագրարային համալսարանի կանայք ու աղջիկներն իրենց առօրյա աշխատանքային եւ ուսումնական պարտականությունները կատարելիս աշխատասիրության, նվիրվածության եւ բարեխղճության լավագույն օրինակներ են ցույց տալիս։

Սիրելի կանայք, գործընկերուհիներ, ուսանողուհիներ, սրտանց շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ եւ այս գեղեցիկ առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեր անխոնջ աշխատանքի, մեր ընդհանուր գործին ու նպատակներին նվիրվածության, աշխատասիրության եւ ձեր ստեղծագործ ոգու համար։ Որպես ՀԱԱՀ-ի ռեկտոր, հավաստիացնում եմ, որ աշխատելու եւ սովորելու նպաստավոր միջավայրի շարունակական բարելավումը լինելու է իմ եւ համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Առողջություն ու երջանկություն ձեր ընտանիքներին։