«Տուր դը Արցախ¦-ի շրջանակում օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԿԳՄ փոխնախարար Հասմիկ Մինասյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Հովհաննես Թոքմաջյանը:
Քննարկվել են գյուղատնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ «խելացի» գյուղատնտեսության տեխնոլոգիաների ներդրման միջոցով ոլորտը երիտասարդ տնտեսավորողների համար գրավիչ դարձնելու խնդիրը։ Քննարկվել են գյուղատնտեսական նոր տեխոնոլոգիաները Արցախում հասանելի դարձնելու, ներառյալ ագրոսենսորային համակարգերի ներդրման հնարավորությունները։ Այդ համակարգերը տնտեսավարողներին թույլ կտա նախապես տեղեկանալ եղանակային պայմանների մասին՝ դրանց հնարավոր հետեւանքները մեղմելու, գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս ամենը երկուստեք կարեւորվում է, քանզի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում գյուղատնտեսությունը տնտեսության գերակա ճյուղ է։
Քննարկման թեմա է դարձել նաեւ գյուղատնտեսական ստարտափների ստեղծման անհրաժեշտությունը, որի հարցում Ագրարային համալսարանը պատրաստակամ է մասնագիտական աջակցություն ցուցաբերել։ Այս առումով ՀԱԱՀ-ի՝ երկրում առաջին ագրոտեխնոլոգիական ինկուբատորը մեծապես օգտակար կարող է լինել։
Արցախի կրթագիտական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը պատեհ առիթ էր քննարկելու ՀԱԱՀ-ի եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դինամիկ զարգացող գործակցության շրջանակում մի շարք ծրագրեր։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, համատեղ հետազոտական նախագծերին, լաբորատորիաների վերազինմանը, մասնագետների վերապատրաստումներին: Գոհունակությամբ է ընդունվել ՀԱԱՀ-ի ուսանողների համար Արցախում փորձուսուցում կազմակերպելու հնարավորությունը, որի վերբերյալ ավելի կոնկրետ քննարկումներ կլինեն առաջիկայում։
ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն պատասխան այցով կհյուրընկալվի ՀԱԱՀ-ում։