Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը:
Պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են, հարվածային ալիքը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը և պայթյունից 15 կմ հեռու գտնվող՝ Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը։
Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 137 է, վիրավորներինը շուրջ 5 հազար։ Ցավոք սրտի, զոհերի թվում կան 11 հայեր:
Բարեբախտաբար, մեր համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի լիբանանահայ ուսանողները՝ Վարագ Գէօհյուլեանը, Էմմա Քեշիշյանը եւ Ռաիսա Ռոզ Չաքմաքեանը չեն տուժել արհավիրքից:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների անունից համալսարանի ղեկավարությունը ցավակցում է զոհերի ընտանիքներին եւ իր զորակցությունը հայտնում աղետից տուժած բեյրութահայ մեր հայրենակիցներին։ Վստահ ենք, որ բազմաթիվ փորձություններ տեսած լիբանանահայությունը Մայր հայրենիքի օգնությամբ հնարավորինս արագ կհաղթահարի նաեւ այս մեկը։