Թեյախմությունը, որ կազմակերպել էր Ագրոնոմիայի ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի պետ Արմինե Աբրահամյանը, ամենեւին նման չէր 1773թ.-ի «Բոստոնյան թեյախմությանը», որն ի վերջո ամերիկյան հեղափոխության սկիզբը դրեց: Սակայն տիկին Աբրահամյանն ու մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ «ՀՀ դեղաբույսերի բազմազանությունը եւ պահպանման խնդիրները» թեմայով սեմինար-շնորհանդես-թեյախմությամբ հրատապ խնդիրների վրա ուշադրություն, այնուամենայնիվ, հրավիրեցին:
«Բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ կայուն օգտագործում» առարկայի ծրագրի շրջանակում դասախոսը եւ մագիստրանտների իր թիմը շատ հետաքրքիր ու նպատակային տեղեկատվություն հրամցրեցին պատկառելի լսարանին, որ կազմված էր համալսարանի պրոռեկտորներից, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից եւ ուսանողներից:
Ինքը՝ Արմինեն, նախ ներկայացրեց Հայաստանը որպես կենսաբազմազանության «թեժ կետ»՝, որի յուրաքանչյուր 1000 քառ. կմ տարածքում միայն բարձրարժեք բույսերի տեսակների թիվը անցնում է 100-ից: Երկիր, որը, բացի ավելի քան հարուստ կենսաբազմազանությունից, աչքի է ընկնում նաեւ ակտիվ տեսակառաջացմամբ, բայց նաեւ երկիր, որին հատուկ են սուբյեկտիվ գործոններով պայմանավորված բնական միջավայրի կորուստը, կենսառեսուրսների գերօգտագործումը: Հարյուրավոր տեսակներ՝ մեր ֆլորայի մոտ 12 տոկոսը, վտանգված է:
Արմինե Աբրահամյանը գիտե, ուստի իր ուսանողներն էլ գիտեն, թե որպես պետություն եւ հասարակություն ինչ է պետք անել բնությունից մեզ շռայլորեն բաժին հասած կենսաբազմազանության պահպանման ու նպատակային օգտագործման համար: Համալիր միջոցառումները ներառում են՝ խառը բուսատեսակների մոդելների կիրառումից մինչեւ դեղաբույսերի եւ դրանցից ստացված ապրանքների համար առանձնահատուկ շուկայահատվածի ձեւավորումը, մասնավոր պահպանվող տարածքների մշակույթի ներդրումից մինչեւ թվայնացված տվյալներով աշխատող ճշգրիտ գյուղատնտեսություն եւ քաղաքային գյուղատնտեսություն, շրջափուլային տնտեսություններից մինչեւ օրգանական գյուղատնտեսություն:
Ուսանողներն այնուհետեւ ներկայացրեցին Հայաստանում աճող առողջարար ու բուրումնավետ դեղաբույսերի ու բուսական թեյերի մի փունջ թե էկրանին եւ թե իրականում՝ թեյի գեղեցիկ սեղանի շուրջ: Այստեղ արդեն մասնակիցները առանց կաշկանդվելու փորձեցին գտնել «իրենց» թեյը (նիհարեցնող, արյան ճնշումը կարգավորող, հիշողությունը բարելավող…):
Ասելիքով միջոցառումը նաեւ առինքնող էր. արժե համանման նախաձեռնությամբ հանդես գալ ավելի լայն լսարանի ընդգրկմամբ: