Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Արեշի մասնաշենքի 2-րդ հարկի՝ Մհեր Մելքոնյանի անվամբ կոչված լսարանի բացման արարողություն: Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի 1983-1994թթ.-ի ռեկտոր, պրոֆեսոր Մհեր Մելքոնյանի ծննդյան 100-ամյակը լրացավ օրերս: Անվանակոչման վերաբերյալ ՀԱԱՀ ռեկտորատի համապատասխան որոշումը հրապարակեց միջոցառման վարողը՝ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, հավելելով, որ նախաձեռնությունը Մհեր Մելքոնյանի ընտանիքինն է: Նրա զավակների՝ համալսարանին նվիրաբերած նորացված ու կահավորված լսարանի բացումը համահունչ է համալսարանում իրականացվող բարեփոխումների տրամաբանությանը եւ արդյունավետորեն կծառայի ֆակուլտետի ուսանողներին:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ողջույնի խոսքում նախաձեռնությունը որակեց որպես ոչ միայն հարգանքի տուրք համալսարանի երախտավորներից մեկի հիշատակին, այլեւ «սերունդների բնական կապի իմաստավորման, ոլորտի ապագա անասնաբույժների ու անասնաբույծների մեջ մասնագիտական պատասխանատվության սերմանման լավ հնարավորություն»: Պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց Մհեր Մելքոնյանի վաստակը գիտամանկավարժական, գյուղատնտեսական արտադրության կազմակերպման, կրթական գործի ղեկավարման բնագավառներում: Նա ջերմորեն շնորհավորեց պրոֆ. Մելքոնյանի 100-ամյա հոբելյանը եւ շնորհակալություն հայտնեց նրա ընտանիքին՝ համալսարանին մատուցած գեղեցիկ նվերի համար:
Ողջույնի, շնորհակալության եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաեւ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Այնուհետեւ կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Մխիթարյանը ներկայացրեց Մհեր Մելքոնյանի կենսագրությունը՝ խոսքը համեմելով իր ուսուցչին նվիրված սեփական բանաստեղծություններով:
Պրոֆեսոր Մելքոնյանի մասին առինքնող հուշեր պատմեցին եւ նրա թողած ժառանգությունը յուրովի արժեւորեցին Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի եւ առհասարակ համալսարանի այսօրվա առաջատար գիտնական մանկավարժներ Վիկտոր Աբրահամյանը, Գառնիկ Գիլոյանը, Ստեփան Մարգարյանը, Դոնարա Բալասանյանը, Սերգեյ Երիցյանը, Տիգրան Չիթչյանը, Կարինե Սուքիասյանը:
Մհեր Մելքոնյանի որդին՝ տնտեսագիտության թեկնածու Վահան Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին՝ սրտառուչ խոսքերի ու գնահատականների համար, ինչպես նաեւ համալսարանի ղեկավարությանը՝ նախաձեռնությանն ընդառաջելու համար:
Զավակները նաեւ հրատարակել են Մհեր Մելքոնյանի «Հուշեր, մտորումներ» վերտառությամբ գիրքը, որը վերահրատարակվել է վաստակաշատ գիտնական-մանկավարժի ծննդյան 100-ամյակի առթիվ: