ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնից հաղորդում են, որ տղաների մեր նորաստեղծ թիմը բավականին հաջող է հանդես եկել սեպտեմբերի 20-22-ը «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացած ուսանողական մարզական խաղերի լողափնյա վոլեյբոլի անդրանիկ առաջնությանը։
Առաջնությանը մասնակցում էին տղաների 13 եւ աղջիկների 12 թիմեր։ Մեր տղաների թիմը (Արմեն Սոլոմոնյան, ԳՏ-4 կուրս եւ Զավեն Մարգարյան, ՊՏ – 2 կուրս) առաջին իսկ խաղից ցույց տվեց մարտական բնավորություն։ Հաղթելով Ամերիկյան համալսարանի 2-րդ եւ Պոլիտեխնիկական համալսարանի 1-ին եւ 2-րդ թիմերին՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում մրցակիցը ապագա չեմպիոն Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի 1-ին թիմն էր, որին էլ զիջեցին մեր տղաները, պահպանելով 3-րդ տեղի համար պայքար մղելու հնարավորությունը։ 3-րդ տեղի համար մրցակիցը Սլավոնական համալսարանի թիմն էր։ Խաղն ընթացավ լարված եւ անզիջում պայքարում։ Ի վերջո լրացուցիչ խաղափուլում հաջողությունը ուղեկցեց մրցակցին՝ 2 միավորի տարբերությամբ։
Արժանին մատուցենք մեր տղաներին, որոնք, չունենալով լողափնյա վոլեյբոլի փորձ, պայքարեցին մինչեւ վերջ՝ գրավելով 4-րդ պատվավոր տեղը։