ՀԱԱՀ ռեկտորատի հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալուց առաջ նիստը վարող ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան ներկա պատերազմում օրերս զոհված ՀԱԱՀ երկու ուսանողների՝ Արսեն Եղոյանի եւ Սասուն Մովսիսյանի հիշատակը: «Մեր երկու հերոսների անունները մշտապես վառ կմնան «նորօրյա Սարդարապատ» եւ «նորօրյա Սպարտա» անվանումները ստացած այսօրվա գոյամարտի տարեգրության մեջ, որ անօրինակ սխրանքների մի հզոր պատմություն է: Հավերժ փառք մեր զոհված հերոսներին եւ Հայոց բանակին», – ասաց պարոն Ուռուտյանը:
Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի Ուսանողական խորհրդին՝ նվիրվածության, հայրենասիրության լավագուն օրինակներ ցուցաբերելու, օգնության բեռներ հավաքելու եւ Հայրենիքի սահմաններ տեղափոխելու համար: Այդ աշխատանքը շարունակական է, ընթացիկ կարիքները՝ Ուսխորհրդի կողմից արձանագրված, ուստի ռեկտորը ֆակուլտետների ղեկավարներին առաջարկեց փորձել հնարավորինս օժանդակել ուսանողներին, մասնավորապես՝ Երեւանում տեղավորված արցախցի ընտանիքներին օգնելու առումով:
Ռեկտորատի նիստի օրակարգի հիմնական 2 հարցերը վերաբերում էին 2019-2020 ուսումնական տարվա քննաշրջանի ամփոփմանը եւ 2020/2021 ուսումնական տարում բակալավրիատի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրի բուհերի անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով ԲՈՒՀ-ի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և ուսանողների հարցի քննարկմանը: Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, մասնաճյուղերի տնօրենները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը: Երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը:
Մասնավորապես ուսման վարձերի պարտքերի վերաբերյալ շահագրգիռ քննարկումից, դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների վերհանումից հետո (այդ թվում՝ զորակոչվածների եւ կամավոր Արցախ մեկնած ուսանողների առումով) որոշվեց գործի դնել «ոսկե միջին» տարբերակ՝ հաշվի առնելով թե ուսանողի եւ թե համալսարանի շահերը: Հետագա քննաշրջանների անցկացման համար ռեկտոր Ուռուտյանը հրահանգեց լիարժեք կերպով օգտագործել Գնահատման և թեստավորման կենտրոնն իր բոլոր տեխնիկական հնարավորություններով:
Օրակարգի 2-րդ հարցի կապակցությամբ պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը մասնավորապես նշեց, որ ուսման վարձի զեղչերի տրամադրման եւ ուսանողների շրջափոխման գործընթացի կիրառման նախապատրաստական աշխատանքներն ամփոփիչ փուլում են:
Հիմնական հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունելուց հետո ռեկտորատն անցավ արցախյան պատերազմով պայմանավորված իրավիճակային միջոցառումների մանրամասնմանը: Ռեկտորը տեղեկացրեց Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի նախաձեռնության մասին եւ առաջարկեց միանալ դրան, այն է՝ աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մեր համեստ ներդրումն ունենալով արցախյան հաղթանակի ընդհանուր հիմնապաշարում: ՀԱԱՀ-ի հանրույթի կողմից այս ներդրումը կկազմի մոտ 1,5 մլն դրամ: Եվս 3 մլն դրամ էլ համալսարանն է արդեն փոխանցել: Անշուշտ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ կազմերը, ուսանողները անհատապես նույնպես իրենց ներդրումն ունեցել են եւ ունենում են:
Պարոն Ուռուտյանն այնուհետեւ արձանագրեց բավականին «տխուր իրավիճակ»՝ կապված համավարակի երկրորդ ալիքի հետ, տեղեկացնելով, որ մեր գործընկեր բուհերից մի քանիսն արդեն «տուն են ուղարկել» իրենց ուսանողներին ու դասախոսներին: «Դիմակ դնելու հարցում մենք լրջորեն թերանում ենք, հատկապես ուսանողների շրջանում քամահրական վերաբերմունք կա. մինչդեռ մենք առաջին հերթին բանակի մասին պետք է մտածենք, մենք իրավունք չունենք վտանգի ենթարկել մեր բանակը: Իսկ համալսարանում արդեն կա Քովիդ 19-ով վարակվածության աճի միտում», – նշեց պարոն Ուռուտյանը:
Ռեկտորը հանձնարարեց խստորեն հետեւել համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանմանը՝ զուգահեռաբար կատարելով բացատրական աշխատանք: Ըստ տարածքների պատասխանատվությունը դրվեց ամբիոնների վրա: «Չպետք է թույլ տալ, որ առողջապահական համակարգը եւ մանավանդ բանակը վտանգի ենթարկվեն», – նշեց պարոն Ուռուտյանը:
ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը տեղեկություններ հաղորդեց համալսարանի տարբեր մասնաշենքերի նկուղային եւ կիսանկուղային հարկերի մաքրման եւ որպես հնարավոր ապաստարաններ օգտագործելու նախապատրաստական, ներառյալ՝ ՏՏ կենտրոնի կողմից համացանցի միացման աշխատանքների վերաբերյալ: Պարոն Զաքոյանը նշեց, որ մեր ապաստանները կարող են ծառայել ոչ միայն համալսարանի ուսանողությանն ու աշխատակազմին, այլեւ դրանց կարիքն ունեցող այլ մարդկանց համար:
Ամփոփելով ռեկտորատի նիստը, ռեկտոր Ուռուտյանը կոչ արեց պատմական այս դժվարին հանգրվանում պատասխանատվության բարձր զգացումով կատարել աշխատանքային պարտականությունները՝ բացառելով ընկճվածության մթնոլորտը: «Մեր ազգային արժանապատվության եւ իդեալների համար մղվող կռիվը նաեւ թիկունքն է ներառում, շատ կարեւոր է նաեւ թիկունքում հզոր լինել, եւ այդպես էլ կա», ասաց պարոն Ուռուտյանը եւ նիստն ավարտեց համալսարանի վերափոխման գործընթացը պայմանավորող հերթական լավ լուրով. կենսատեխնոլոգիաների վերաբերյալ մեր կարեւոր ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից եւ կիրականացվի Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ գործակցությամբ: