ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի 2021թ.-ի առաջին նիստը տեղի ունեցավ հունվարի 29-ին: Նիստը հեռավար եղանակով վարում էր Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Բուն օրակարգին անցնելուց առաջ պարոն Ուռուտյանը ըստ արժանվույն գնահատեց Արցախյան երկրորդ պատերազմում Ագրարային համալսարանի 31 անմահացած, կրկնակի թվով վիրավորված եւ 1600 մասնակից ուսանողների՝ Հայրենիքին մատուցած մեծ ծառայությունը, առհասարակ խոսեց լրջագույն մարտահրավերներով լի 2020թ.-ի մասին, որը, սակայն, պատվով է հաղթահարել Ագրարային համալսարանի հանրույթը:
Ավելին, օրակարգի առաջին հարցով նախատեսված՝ համալսարանի 2020թ.-ի գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը ցույց տվեց, որ տարվա ընթացքում իրականություն են դարձել անհավանական թվով ծրագրեր ու նախագծեր՝ տեխնոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի վերափոխման՝ նախանշված բոլոր ուղղություններով: Էական առաջընթաց է գրանցվել կրթական, գիտական ու հետազոտական գործունեության, ուսումնական-լաբորատոր ենթակառույցների ստեղծման ուղղությամբ: Տարվա ընթացքում շարք մտած արդիական ենթակառույցներին կարելի է ծանոթանալ այս հակիրճ հաշվետվությամբ կամ այս տեսահոլովակով:
Ընթացիկ գործընկերային նախագծերից պարոն Ուռուտյանն առանձնացրեց իրենց նպատակայնությամբ, եզակիությամբ եւ թե´ կրթական, թե´ համապատասխան ոլորտների ընդհանուր զարգացման տեսակետից նախադեպը չունեցող Ֆրուտենիան, Ագրոճամբարը եւ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը: Ի դեպ, Ագրոճամբարը եւ ԱԿԳ կենտրոնը շարք կմտնեն այս տարվա ամռանը:
Տպավորիչ արդյունքներ ունենք նաեւ համալսարանի գիտահետազոտական երկու ինստիտուտների, գիտական երեք եւ հետազոտական հինգ կենտրոնների իրականացրած ծրագրերի, եւ, որ շատ կարեւոր է, այս ստորաբաժանումներում ստեղծված գիտական արդյունքի առեւտրայնացման ուղղությամբ: Այն, ինչ երկու տարի առաջ թերահավատությամբ էր ընդունվում, այսօր իրականություն է՝ Ագրարային համալսարանում ստեղծվող գիտական արդյունքները սկսում են եկամուտ բերել համալսարանին:
Կրթագիտականից զատ, տարին արգասաբեր էր նաեւ Ագրարային համալսարանի եռամիասնական առաքելության խորհրդատվական բաղադրիչի գործունեության տեսակետից: Գյուղատնտեսական հանրությունը՝ ֆերմերից մինչեւ միջազգային կառույցներ, տարվա ընթացքում ավելի առարկայնորեն են ընկալել ՀԱԱՀ-ի մասնագիտական ներուժը: Պատահական չէ մեր գիտնական-մասնագետների հետ գործակցելու հարաճուն ձգտումը: Տարվա ընթացքում Պարենի համաշխարհային ծրագրի հետ գործակցաբար մեր մասնագետները 5 հետազոտություն են իրականացրել համայնքների համար, եւս երկուսը՝ երկրի համար կենսականորեն կարեւոր՝ անտառների վերականգնման ուղղությամբ: Այս պահին մերոնք խորհրդատվություն են ապահովում միջազգային 2 ծրագրերի շրջանակներում:
Նոր նախաձեռնություններից ռեկտոր Ուռուտյանը մասնավորապես նշեց Կենսատեխնոլոգիաների ինկուբատորի գաղափարի իրականացման եւ այս նախագծի համար կառավարության կողմից 60 մլն դրամի հատկացման մասին, հավելելով, որ հերթական գերարդիական ու աննախադեպ կառույցը կզբաղեցնի Երիտասարդական հիմնադրամի նախկին հարկաբաժինը:
Բնորոշ ցուցանիշներից մեկն էլ այն է, որ համալսարանի ղեկավարությունը պատշաճ ուշադրություն է նվիրում նաեւ ՀԱԱՀ-ի մարզային կառույցների՝ մասնաճյուղերի, ուսումնափորձարարական տնտեսությունների, գիտական ու հետազոտական կենտրոնների գործունեության բարելավմանն ու արդիական ենթակառույցներով հագեցմանը:
2021թ.-ի բյուջեի նախագծի ներկայացումից հետո Հոգաբարձուների խորհրդի անդամները համոզվեցին, որ «պահպանողական» բյուջեի նախագիծը միանգամայն արդարացված է՝ հաշվի առնելով թե´ նախորդ տարվա հիմնական դժվարությունը՝ ուսման վարձերի հավաքման օբյեկտիվ դժվարությունները եւ թե´ բավականին շոշափելի դրամաշնորհային մուտքերը: Մոտ ապագայի համար լուրջ ակնկալիքներ ունենք նաեւ ԱՄՆ-ում գրանցված ավանդաշնորհային (endowment եզրույթի պայմանական թարգմանությունն է) ֆոնդից: Այդպիսի ֆոնդ հայաստանյան բուհերից մինչ այժմ միայն Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց եւ համապատասխան որոշում ընդունեց նաեւ ՀԱԱՀ-ի 2021թ.-ի կառուցվածքի եւ հաստիքացուցակի վերաբերյալ:
Նիստն ավարտվեց ռեկտոր Ուռուտյանի՝ Արցախյան պատերազմի մասնակից ՀԱԱՀ-ի ուսանողներին լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելու մտադրության մասին հաղորդումով. համալսարանը հաշվեհամար է բացել ՀԱԱՀ աջակցության հիմնադրամում, որի միջոցով, ի լրացում պետության կողմից ուսման վարձերի փոխհատուցման, կկարողանանք մեր ուսանող-շրջանավարտներին օգնել մասնագիտական կարիերայի զարգացման գործում: Այս նպատակով առաջիկայում կիրականացվեն դրամահավաքային արշավներ։
Քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներով Հոգաբարձուների խորհուրդն արտահայտեց իր դրական վերաբերմունքը համալսարանի ղեկավարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ: Ավելին, խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաեւ նախագահ Արմեն Հարությունյանը, իրենց գոհունակությունն արտահայտեցին գրանցված հաջողությունների եւ այդ հարցում ռեկտոր Ուռուտյանի անձնական ներդրման առումով եւ շնորհակալություն հայտնեցին նրան: «Դժվար տարի էր, բայց տպավորիչ հաջողություններ ենք ունեցել. շնորհակալություն պարոն Ուռուտյանին՝ կատարած աշխատանքի համար: Պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նրան 2021թ.-ի համար նախանշած ծրագրերը եւս իրականություն դարձնելու հարցում եւ այս առումով կօգտագործենք մեր կապերն ու հնարավորությունները», – նիստը այս խոսքերով եզրափակեց պարոն Հարությունյանը: