Համալսարանի Հրատարակչական-խմբագրական բաժնի խմբագիր Մարգարիտա Ղազարյանի աշխատանքային գործունեության 20-ամյա հոբելյանը նշանավորվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից շնորհակալագրով եւ բաժնի վարիչ Գրետա Մնացականյանի կազմակերպած գեղեցիկ միջոցառմամբ:
Տիկին Մարգարիտայի՝ մասնագետի եւ մարդու վաստակը ըստ արժանվույն գնահատեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը, հոբելյարի գործընկերները: Ելույթներում շեշտադրվում էին տիկին Մարգարիտայի մասնագիտական կարողությունները, երկարամյա անմնացորդ նվիրումը սիրած մասնագիտությանն ու հարազատ համալսարանին, գործընկերոջ, մարդու եւ մտավորականի լավագույն հատկանիշները:
Ռեկտորի անունից շնորհակալագիրը տիկին Ղազարյանին հանձնեց պարոն Ծպնեցյանը:
Մարգարիտա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց իր վաստակը բարձր գնահատելու եւ հաճելի անակնկալի համար, որի մասին նրան նախապես չէին տեղեկացրել:
Աշխատանքային հանրույթից՝ քո երկրորդ ընտանիքից գնահատված լինելն, անշուշտ, հաճելի է, բայց դա խրախուսելի է նաեւ պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության օրինակը ուրիշների, հատկապես երիտասարդ սերնդի սեփականությունը դարձնելու առումով: Այս տեսակետից բաժնի վարիչի նախաձեռնությունը դրվատանքի է արժանի: