Բույսերի պաշտպանության հարցում Երեւանի քաղաքապետարանին օգնում է Ագրոնոմիականի դեկանը

ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը փետրվարի 6-ին Երեւանի քաղաքապետարանում ԿՇՄՊ (Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն) ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացված «Բույսերի պաշտպանության հիմունքները» թեմայով սեմինարի բանախոսն էր:

Պարոն Տեր-Գրիգորյանի բնութագրմամբ՝ խիստ առօրեական եւ կարեւոր թեմայով քննարկմանը մասնակցում էին ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրինությունը, վարչական շրջանների ստորաբաժանումների ղեկավարները, դենդրոլոգներն ու ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցները:

Սեմինարի ընթացքում Արմենակ Տեր-Գրիգորյանը ներկայացրեց Երեւան քաղաքի կանաչապատ տարածքների, ծառաթփատեսակների գլխավոր վնասատուների եւ հիվանդությունների կենսաէկոլոգիական առանձնահատկությունները, պատճառած վնասի ախտանիշները,  մշտադիտարկման մեթոդներն ու պայքարի կիրառվող համակարգերը: Բանախոսն առանձնակի շեշտադրում կատարեց բույսերի պաշտպանության աշխատանքների իրականացման  ժամանակ անհատական  եւ հասարակական անվտանգության կանոնների պահպանման կարեւորությանը:

«Ընդհանուր առմամբ, միջոցառման մասնակիցները, որոնք, ըստ էության, հենց ոլորտի պատասխանատուներն էին, կարեւոր համարեցին   համանման սեմինարների կազմակերպման անհրաժեշտությունը, տվեցին թեմային վերաբերող բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցեր»,- ասաց պարոն Տեր-Գրիգորյանը:

Ագրոնոմիականի դեկանը խոստացավ, որ Երեւան քաղաքի կանաչապատ տարածքների պահպանման աշխատանքների պլանավորման եւ իրականացման ժամանակ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները մեր մասնագետներից կստանան անհրաժեշտ խորհրդատվություն եւ գործուն օգնություն: