Տեխնոլոգիական ֆակուլտետի տարա-փաթեթավորում մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը արդյունաբերական դիզայնի՝ գեղեցիկի եւ խիստ կիրառականի իսկական շքերթի էր վերածվել: Եւ ինչ խանդավառությամբ էին աշխատել մեր երիտասարդները, ինչպիսի ոգեւորությամբ էին ներկայացնում իրենց՝ ամիսներով չափվող աշխատանքի եւ՛ տպագիր, եւ՛ էլեկտրոնային արդյունքները: Ընդսմին, էլեկտրոնային տարբերակի էսքիզները վկայում էին այն հագեցած աշխատանքի, որոնումի մասին, որ հասցրել են սպասված հանգրվանի: Լոգոներ, պիտակներ, ապրանքանիշ, բրենդային տոպրակներ, տուփեր, արտահագուստ, նոթատետրեր, ինչ մտքներովդ անցնի ու… չանցնի: Կարեւոր է, որ բոլոր նախագծերի հիմքում բնապահպանական տեսակետից անվտանգ փաթեթավորումն էր:
Ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ. Սմբատ Դավեյանը ծնողի հոգատարությամբ ուշադիր լսում էր ուսանողներին, իսկ առարկայական-տպագիր նմուշները անթաքույց հպարտությամբ ներկայացնում էր մեզ. «Տեսե՛ք, մեր ուսանողների աշխատանքներն են»:
Պետական քննական հանձնաժողովի անդամներն էլ, նախագահի՝ պրոֆեսոր Արթուր Թարմինյանի ղեկավարությամբ թեթեւ թերությունների մասին էլ շեշտում էին խորհուրդ տալու, իրենց երիտասարդ գործընկերներին ճիշտ ուղղորդելու նպատակով:
Պաշտպանության ժամանակ խստորեն պահպանվում էին հակահամաճարակային միջոցառումները՝ դիմակներ, ուսանողները լսարան մտնում էին փոքր խմբերով: